Եզակի դեպք «Էրեբունի» ԲԿ–ում. 600 գ կշռող զոհված զինվորի եղբայրը դուրս է գրվել 2 կգ քաշով

5 դեկտեմբերի, 2023  22:07

Պայքարի, հուսահատության, վախի, հույսի և ուրախության 99 օր. «Էրեբունի»  բժշկական կենտրոնի ծննդատան  նորածնային բաժանմունքում ավելի քան 3 ամիս ինտենսիվ բուժում է ստացել Արուսյակ Մարտիրոսյանի որդին` Նորայրը:

44-ամյա կնոջ հղիության սկիզբը առանց լուրջ խնդիրների է ընթացել, սակայն 24 շաբաթականում հանկարծակի հղիության պահպանման վտանգ է առաջացել և կինը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ պտղաջրերի վաղաժամ արտահոսք  և պտղի ներարգանդային դիստրես կա: Ծննդատան տնօրեն Անդրանիկ Պողոսյանը շտապ կարգով  կեսարյան հատում է կատարել: 

24 շաբաթում ծնված, 600 գրամ  կշռող երեխան  ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է  Նորածնային բաժանմունք, որտեղ էլ պրոֆեսոր Պավել Մազմանյանն իր թիմով անմիջապես  ինտենսիվ թերապիայի միջոցառումներ է սկսել:

Բուժող  բժիշկը` Գոհար Ահարոնյանը, երեխային և իր մայրիկին  տուն է ճանապարհում, համոզմամբ, որ բալիկը լիարժեք կկազդուրվի հարազատ միջավայրում:

Հարկ է նշել, որ ծայրահեղ անհաս նորածինների կյանքի և առողջության պահպանման համար անհրաժեշտ են մասնագիտական շատ լուրջ հմտություններ և գերժամանակակից սարքավորումներ:

«Էրեբունի» բժշկական կենտրոնի նորածնային բաժանմունքը վերջին տարիներին համալրվել է տեխնիկական լուրջ հնարավորություններով, իսկ պրոֆեսիոնալ  անձնակազմի շնորհիվ ամեն տարի ավելի ու ավելի շատ անհաս նորածիններ են դուրս գրվում ծննդատնից:

Նորայրը ծնվել է օգոստոսի 25-ին, մանկաբարձական  ժամկետից երեք ամիս շուտ: Սակայն պայքարելով կյանքի իր իրավունքի համար, այսօր Նորայրը  99 օր անց տուն է գնում,  արդեն 2 կգ քաշով, երջանկություն տանելով հերոս եղբորից հետո տխրությամբ լցված իրենց տուն:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում