Ֆիզիկական թուլությունը COVID-19-ից հետո կապված է հյուսվածքներում թթվածնի անբավարարության հետ. ERJ

21 դեկտեմբերի, 2023  12:12

Յելի համալսարանի (ԱՄՆ) գիտնականների հետազոտությունը ցույց է տվել, որ COVID-19-ից հետո ֆիզիկական վարժություններ կատարելու անկարողությունը կապված է օրգանիզմի հյուսվածքների կողմից թթվածնի յուրացման խախտման հետ։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են European Respiratory Society-ում (ERJ)։

Ֆիզիկական ծանրաբեռնվածության կամ վարժություններ կատարելու անկարողությունը սպասվող կամ ցանկալի մակարդակով ձգձգված COVID-19-ի ախտանշաններից մեկն է։ Երբ պացիենտը տեղեկացնում է դժվար շնչառության կամ ֆիզիկական ծանրաբեռնվածության անկարողության մասին, բժիշկները համակարգչային տոմոգրաֆիա, էխոկարդիոգրամմա կամ թոքերի ֆունկցիայի թեստավորում են կատարում։ Այդ հետազոտությունները թույլ են տալիս որոշել խափանումները սրտի եւ թոքերի աշխատանքում։ Այնուամենայնիվ, ֆիզիկական թուլությունը նաեւ այլ պատճառ կարող է ունենալ։

Ամերիկացի գիտնականները հետազոտության արդյունքում, որին մասնակցել է 55 կամավոր, պարզել են, որ ֆիզիկական վարժություններ կատարելու անկարողությունը COVID-19-ից հետո առաջանում է օրգանիզմի հյուսվածքներում թթվածնի յուրացման խախտման հետեւանքով։ Չնայած սրտի խնդիրների բացակայությանը եւ թթվածնով արյան հագեցածության բավականաչափ մակարդակին՝ շատ փորձարկվողների օրգանիզմի հյուսվածքները անկարող են եղել օգտագործել այն։

Նշվել է, որ  ֆիզիկական թուլության բողոքների դեպքում բժիշկները հաճախ խորհուրդ են տալիս պացիենտներին ավելի շատ շարժվել եւ զբաղվել ֆիթնեսով։ Հետազոտության հեղինակները նշում են, որ ինքնազգացողությունը կարող են լավացնել մկանային թուլությունը բուժող դեղամիջոցները, մասնավորապես նրանք, որոնք պարունակում են պիրիդոստիգմին։ Ֆիզիկական ակտիվությունը կարող է բարձրանալ նաեւ վիտամինահանքանյութային համալիրների ընդունման արդյունքում՝ բժշկի հսկողության ներքո։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում