ԱԲ ալգորիթմը սովորել է կանխատեսել մարդու կյանքի տևողությունը

18 հունվարի, 2024  12:28

Դանիայի Տեխնիկական համալսարանի գիտական խումբը մշակել է արհեստական բանականության  յուրահատուկ ալգորիթմ, որը 78% ճշգրտությամբ կանխատեսում է մարդու կյանքի տևողությունը։ Այս հետազոտության մանրամասները ներկայացված են Nature Computational Science հեղինակավոր գիտական պարբերականի մեջ:

Այս ալգորիթմը ստեղծելու համար հետազոտողները օգտագործել են 6 միլիոն դանիացիների տվյալները տարբեր արխիվներից, բժշկական քարտերից, ինչպես նաև կամավորների առողջության, անձնական տվյալների և սոցիալական կարգավիճակի մասին տեղեկությունները: Սա թույլ է տվել գիտնականների թիմին իրական մարդկանց մասին համապարփակ տեղեկատվություն հավաքել:

Այնուհետև համակարգ մուտքագրված տվյալները վերլուծվել են ալգորիթմի միջոցով, որն օրինաչափություններ է փնտրել և կանխատեսել   իրադարձությունների հետագա զարգացումները՝ հիմնվելով առկա փորձի վրա: Այս աշխատանքի արդյունքում նեյրոնային ցանցը սովորել է 78% ճշգրտությամբ կանխատեսել ոչ միայն մարդու առողջական վիճակն ու ֆինանսական եկամուտը նրա կյանքի ընթացքում, այլև որոշակի ժամանակահատվածներում մահվան հավանականությունը։

Թիմը վստահություն է հայտնել, որ ալգորիթմը կարող է օգտագործվել առողջությունը բարելավելու և վաղաժամ մահվան ռիսկը նվազեցնելու անհատականացված ռազմավարություններ մշակելու համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում