Հայաստանում արտամարմնային բեղմնավորմամբ ծնված առաջին երեխաների մասին. պատմում է մայրը

3 հոկտեմբերի, 2014  17:20

Կարինա Մայսուրաձեն 10 տարի առաջ էր ամուսնու հետ միասին Վրաստանից Հայաստան տեղափոխվել: Ամուսինները 13 տարի շարունակ երեխա ունենալու անհաջող փորձեր էր կատարել եւ հույս ունեին արտամարմնային բեղմնավորմամբ հղիության հասնել:

Զույգը Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի օգնությանն էր դիմել եւ, ինչպես Կարինա Մայսուրաձեն է NEWS.am Medicine-ի թղթակցին պատմել, կարճ ժամանակ անց արտամարմնային բեղմնավորման կազմակերպմանը միտված աշխատանքներ էին մեկնարկել: Հայ բժիշկների համար դա արտամարմնային հղիության առաջին փորձն էր. մինչ այդ երկրում ոչ ոք նման բան չէր արել: 

Առաջին երկու փորձերն անհաջողությամբ էին ավարտվել, սակայն երրորդից հետո հղիություն էր արձանագրվել: Այնուհետեւ էլ պարզվել էր, որ կինը ոչ թե մեկ երեխայի, այլ… եռյակի է սպասում: Հղիությունը, Կարինա Մայսուրաձեի հավաստիացմամբ, բավականին հանգիստ՝ առանց լուրջ խնդիրների եւ բարդությունների է անցել: Բոլոր ինը ամիսների ընթացքում կինն այստեղ՝ Հայաստանում, տեղացի մասնագետների հսկողության տակ է գտնվել: Ծննդաբերությունն էլ Հայաստանում է եղել՝ կեսարյան հատմամբ: 2004թ.-ին էր, երբ միմյանց բոլորովին չնմանվող երկու աղջիկներն ու մեկ տղան լույս աշխարհ եկան:

«Ամենակարեւորը՝ պետք է հավատալ, որ ամեն ինչ հաջող է ավարտվելու, եւ այդպես էլ կլինի», - այս ուղերձը Կարիա Մայսուրաձեն բոլոր՝ երեխա ունենալու երազանքով ապրող զույգերին է հղել:

Մայսուրաձեների ընտանիքը ներկայումս Վրաստանում է բնակվում, սակայն այսօր Կարինան երեք երեխաների հետ միասին կրկին Հայաստանում էր: Եկել են՝ արտամարմնային բեղմնավորման ժամանակակից խնդիրներին նվիրված գիտաժողովին մասնակցեն: 

«10 տարիների ընթացքում սա արդեն երրորդ այցն է Հայաստան: Ավելի հաճախ զանգահարում ենք, չեմ մոռանում այն ամենը, ինչ Հայաստանն է մեզ տվել», - պատմել է Կարինա Մայսուրաձեն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում