Հնդկաստանում տղամարդու որովայնի խոռոչից 14 կիլոգրամ կշռող ուռուցք են հեռացրել

12 փետրվարի, 2024  22:11

Հնդկաստանում 77-ամյա տղամարդուն վիրահատել են, և որովայնի խոռոչից 14 կիլոգրամանոց ուռուցք են հանել, հայտնում է Times of India-ն։

Նյու Դելիի Սըր Գանգա Ռամ հիվանդանոցի բժիշկները բարդ վիրահատություն են կատարել։ Նրանք տարեց տղամարդու որովայնից հեռացրել են ուռուցք, որը զբաղեցնում էր նրա տարածության 85 տոկոսը։ Նորագոյացության չափը եղել է 75 x 45 սանտիմետր, իսկ քաշը՝ 14 կիլոգրամ։ Տղամարդու ուղեկցող բժիշկ Սաուվիտրա Ռաման ասաց, որ դա պատմության մեջ իր տեսակի մեջ ամենամեծ ուռուցքներից մեկն է:

Ուռուցքը երկու տարի սեղմում էր հիվանդի ներքին օրգանները՝ ներառյալ լյարդը, երիկամները, հաստ և բարակ աղիքները, միզապարկը և փայծաղը: Այն ճնշում է գործադրել նաև դիֆրագմայի վրա՝ առաջացնելով շնչահեղձություն և խանգարել արյան հոսքը, ինչի պատճառով տղամարդու ոտքերը ուռել են։

Վիրահատությունն իրականացվել է ՄՌՏ արդյունքների հիման վրա։ Վիրաբույժներն աշխատել են վեց ժամ։ Ուռուցքի չափի ու տեղակայման պատճառով հնարավոր էին բարդություններ, բայց ամեն ինչ բարեհաջող է անցել։

Պարզվել է, որ նորագոյացությունը չարորակ է։ Թեստերը հաստատել են, որ դա լիպոսարկոմա է՝ քաղցկեղի հազվագյուտ տեսակ, որը զարգանում է ճարպային հյուսվածքում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում