ԱՄՆ Վաշինգտոնի համալսարանի բժշկական դպրոցի հետազոտողները հայտնաբերել են, որ ծխելը եւ գարեջրի ու լիկյորների հաճախակի օգտագործումը բարձրացնում է գլխի եւ պարանոցի քաղցկեղային ուռուցքների առաջացման հավանականությունը։ Արդյունքները հրապարակվել են JAMA Otolaryngoly-Head Neck Surgery-ում։
«Գլխի եւ պարանոցի ուռուցքներ ասելով սովորաբար նկատի ունեն չարորակ նորագոյացությունները, որոնք տեղայնացվում են շրթունքների լորձաթաղանթում, բերանի խոռոչում, ըմպանում, կոկորդում, կերակրափողի պարանոցի հատվածում, քթի խոռոչում եւ թքագեղձերում։
Հետազոտությանը, որն ուղղված էր այս տեսակի քաղցկեղի գործոնների հայտնաբերմանը, մասնակցել է 139 926 մարդ։ Բոլոր մասնակիցները եղել են 55-74 տարեկան։ Նրանք գիտնականներին տեղեկություն են տրամադրել իրենց առողջական վիճակի եւ սննդային սովորությունների մասին, ինչպես նաեւ տեղեկացրել են ալկոհոլի օգտագործման եւ ծխելու մասին տվյալներ։ Տեղեկացվել է, որ կամավորականները հավաքվել են 1993-2001թթ.։
Հետազոտությունն ավարտվել է 2023թ. նոյեմբերին։ Ուսումնասիրելով արդյունքները՝ գիտնականները եկել են այն եզրակացության, որ ծխելը կապված է եղել ըմպանում, կոկորդում եւ բերանի խոռոչում քաղցկեղային ուռուցքների առաջացման վտանգի հետ։ Ավելի երկարատեւ ծխելը բարձրացրել է նորագոյացությունների առաջացման հավանականությունը։
Ալկոհոլի չափից շատ օգտագործումը նույնպես առնչվել է գլխի եւ պարանոցի քաղցկեղի բարձրացման վտանգի հետ։ Նշվել է, որ զգալի ռիսկը կապված է եղել այնպիսի ըմպելիքների հետ, ինչպիսին են գարեջուրը եւ լիկյորները։ Ալկոհոլի չափավոր օգտագործման դեպքում որեւէ բացասական ազդեցություն չի նկատվել։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում