1990թ.-ից ի վեր ճարպակալմամբ տառապող մարդկանց թիվը կրկնապատկվել է. ԱՀԿ

1 մարտի, 2024  10:18

Ավելի քան 1 միլիարդ մարդ կամ Երկրի վրա յուրաքանչյուր 8-րդ բնակիչը տառապում է ճարպակալմամբ, ինչը 1990 թվականից ի վեր կրկնապատկվել է: Այս մասին հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ)՝ վկայակոչելով հետազոտությանը, որի արդյունքները հրապարակվել են բրիտանական Lancet ամսագրում։

Այս ուսումնասիրությունը ցույց է տվել, որ 2022 թվականին «աշխարհում ավելի քան 1 միլիարդ մարդ ապրել է ճարպակալմամբ», նշել է ԱՀԿ-ն՝ ընդգծելով, որ խոսքը մոլորակի յուրաքանչյուր ութերորդ բնակչի մասին է։ «1990 թվականից ի վեր մեծահասակների շրջանում գիրության համաշխարհային տարածվածությունն ավելի քան կրկնապատկվել է, իսկ երեխաների և դեռահասների շրջանում (5-ից 19 տարեկան)՝ քառապատկվել», - հայտարարել է կազմակերպությունը՝ հավելելով, որ 2022 թվականի դրությամբ մեծահասակների 43%-ն ուներ ավելորդ քաշ։

ԱՀԿ-ն հիշեցնում է, որ գիրությունը կարող է հանգեցնել սրտանոթային հիվանդությունների, շաքարախտի և քաղցկեղի որոշ տեսակների։ «Այս նոր ուսումնասիրությունը ընդգծում է ճարպակալման կանխարգելման և բուժման կարևորությունը վաղ կյանքից մինչև հասուն տարիք՝ սննդակարգի, ֆիզիկական ակտիվության և համապատասխան խնամքի միջոցով», - ասել է ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը:

Ըստ հետազոտության, թերսնուցումը, չնայած գլոբալ մակարդակի նվազմանը, «մնում է հանրային առողջության խնդիր» շատ վայրերում, հատկապես Հարավարևելյան Ասիայում և Ենթասահարյան Աֆրիկայում: Համակցված թերսնումը և ավելորդ քաշը հատկապես տարածված են եղել 2022 թվականին Խաղաղ օվկիանոսի և Կարիբյան ծովի կղզիների, ինչպես նաև Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի կղզիների բնակիչների շրջանում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում