Շաբաթը երկու եւ ավելի լիտր քաղցրացված ըմպելիքներ օգտագործող չափահասների մոտ ավելի մեծ է եղել սրտի անկանոն ռիթմերի հավանականությունը, որը հայտնի է որպես նախասրտերի ֆիբրիլյացիա, վկայում է նոր հետազոտությունը, որը հրապարակվել է Circulation: Arrhythmia and Electrophysiology ամսագրում։
Հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ շաբաթը մեկ լիտր կամ ավելի քիչ ոչ քաղցր հյութի օգտագործումը, օրինակ՝ նարնջի կամ բանջարեղենի հյութը, կապված է նախասրտերի ֆիբրիլյացիայի առաջացման ցածր հավանականության հետ։
Քաղցրացված ըմպելիքների օգտագործումը կապել են նաեւ 2-րդ տեսակի դիաբետի եւ ճարպակալման հետ։
Նոր խոշոր հետազոտությունը, որում հավաքվել են տվյալներ Մեծ Բրիտանիայի Բիոբանկից, առաջիններից մեկն է, որում գնահատվում է քաղցրացված ըմպելիքների եւ շողացող առիթմիայի միջեւ կապը։ Նախասրտերի ֆիբրիլյացիան այն վիճակն է, երբ սիրտը անկանոն է զարկում, ինչը հինգ անգամ բարձրացնում է ինսուլտի վտանգը։ Սրտի ամերիկյան ասոցիացիայի վիճակագրության համաձայն՝ մինչեւ 2030թ. շողացող առիթմիային կբախվի ավելի քան 12 մլն մարդ։
Գիտնականների ուսումնասիրությունը վկայել է հետեւյալի մասին.
Այն մարդկանց համեմատ, ովքեր չեն օգտագործում քաղցրացված ըմպելիքներ, շողացող առիթմիայի առաջացման հավանականությունը 20 տոկոսով բարձր է նրանց մոտ, ովքեր ասել են, որ շաբաթը ավելի քան 2 լիտր արհեստականորեն քաղցրացված ըմպելիք են օգտագործել, եւ 10 տոկոսով ավելի բարձր է այն մասնակիցների համեմատ, որոնք տեղեկացրել են, որ շաբաթը 2 լիտր քաղցրացված ըմպելիք են օգտագործում։
Նրանց մոտ, ովքեր հայտնել են, որ շաբաթը 1 լիտր զուտ մրգային հյութ են խմում, նախասրտերի ֆիբրիլյացիայի հավանականությունը 8 տոկոսով ավելի ցածր է եղել։
Հետազոտության մասնակիցները, որոնք քաղցրացված ըմպելիքներ են օգտագործել, ավելի հաճախ երիտասարդ կանայք են, որոնց մարմնի զանգվածի ինդեքսը եւ 2-րդ տեսակի դիաբետի հավանականությունն ավելի մեծ է եղել։
Տղամարդկանց շրջանում, որոնք օգտագործել են քաղցրացված ըմպելիքներ, եղել են մարմնի զանգվածի բարձր ինդեքս, սիրտ-անոթային հիվանդությունների ավելի մեծ տարածվածություն եւ ավելի ցածր սոցիալ-տնտեսական կարգավիճակ ունեցող երիտասարդներ։
Ծխելը նույնպես կարող է վտանգավոր լինել. շաբաթը ավելի քան 2 լիտր քաղցրացված ըմպելիք օգտագործած ծխողները 31 տոկոսով ավելի են հակված եղել նախասրտերի ֆիբրիլյացիա ունենալուն, այն դեպքում, երբ նախկին ծխողների կամ երբեք չծխողների մոտ նման վտանգի զգալի բարձրացում չի նկատվել։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում