Շատ հաճախ կանանց չբերության պատճառը լինում է սեռական օրգանների տուբերկուլյոզը. Լյոբով Նիկոլայան

25 մարտի, 2024  13:20

Բնակչության շրջանում տուբերկուլյոզը ավելի շատ հայտնի է «թոքախտ» անունով, եւ կա կարծրատիպ, թե տուբերկուլյոզ ասվածը նույնականացվում է թոքախտի հետ: Այս մասին, այսօր՝ մարտի 25-ին, «Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օր․ հիվանդացության միտումներն ու իրականացվող ծրագրերը» թեմայով քննարկման ժամանակ նշեց հտբուհական ուսումնակրթական ծրագրերի փորձագետ, ավագ կլինիկական մասնագետ Լյոբով Նիկոլայանը:

«Բայց քանի որ այդ հարուցիչը խոցում է բոլոր օրգան-համակարգերը, ուրեմն բոլոր օրգաններն էլ կարող են ախտահարվել: Բնականաբար, յուրաքանչյուր օրգա ունի իր գործառույթը եւ ըստ այդ գործառույթի տուժելու աստիճանի մարդն արձագանքում է իր ներքին ազդակներին, թե որ օրգանն է տուժել: Բայց 90 եւ ավելի տոկոսը ախտահարվում են թոքերը, եւ առաջին պլան են մղվում շնչառական համակարգի ախտանիշները:

Դա հազն է, խորխարտադրությունն է, արյունախխումը՝ բարդացած դեպքերում: Բացի այդ՝ ցավեր կրծքավանդակում, շնչարգելություն: Բացի թոքային գանգատներից, առկա են նաեւ այլ վարակային հիվանդությունների ժամանակ դիտվող ախտանիշնմերի համախումբ, որ բոլորովին կարեւոր չէ, թե որ վարակիչ հիվանդության մասին է խոսքը: Դա ընդհանուր ջարդվածությունն է, տկարությունը, գլխացավերը, տենդային վիճակը, քրտնարտադրությունը, ստամոքսաաղիքային գործունեության խանգարումները:

Այսինքն, լինում է ընդհանուր համախտանիշների խումբ, որ բնութագրական է այլ վարակիչ հիվանդություններին եւս, եւ դրան ավելանում է այն օրգան համակարգի կողմից գանգատները, որը հայտնվել է տուբերկուլյոզի հարուցիչի թիրախում: Եթե դա հենաշարժական համակարգն է, ուրեմն դիտվում են ցավեր ողնաշարի եւ հոդերի շրջանում, քայլվածքի փոփոխություն, շարժումների դժվարացում, այտուցներ հոդի շրջանում: Եթե միզասեռական համակարգն է, համապատասխանաբար կարող է դիտվել միզարյունություն, գոտկաշրջանի ցավեր: Շատ հաճախ կանանց չբերության պատճառը լինում է սեռական օրգանների տուբերկուլյոզը: Նաեւ տղամարդկանց սեռական օրգանների շրջանում հանդիպում է տուբերկուլյոզ»,-ասաց նա:

Լյուբով Նիկոլայանի խոսքով, կարեւոր է հատկախպես թոքային ախտահարումների ժամանակ ուշադրություն դարձնել դրա տեւողությանը. «Դե ո՞վ չի հազում, բոկլորն էլ մրսածության ժամանակ ունենում են հազ, խորխարտադրություն, բայց պետք է ուշադրություն դարձնել դրա տեւողությանը: Առաջ խոսում էին երեք շաբաթի մասին, այսօր արդեն 2 շաբաթի մասին»:

Նա հավելեց, որ ծխող անձանց շրջանում, նաեւ սրտանոթային համակարգի հիվանդություններ ունեցող անձանց մոտ տուբերկուլյոզը զգալի տոկոս է կազմում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում