Daily Mail. Չինացի տարեց կինը վարակվել է ուղեղ խժռող ամեոբայով

18 ապրիլի, 2024  18:00

Չինաստանի բժիշկները ուղեղի քաղցկեղ են ախտորոշել տարեց կնոջ մոտ, որի ուղեղն իրականում ախտահարված է եղել հազվագյուտ գիշատիչ ամեոբայով, հայտնում է Daily Mail-ը։

77-ամյա մի կին 2022 թվականին ներկայացել է տեղի հիվանդանոց՝ գանգատվելով մի քանի օր տևող գլխապտույտից, մոլորվածությունից և խոսելու դժվարությունից: Ուղեղի լուսանկարներում բժիշկները ախտահարում են հայտնաբերել, որը կարող էր քաղցկեղ լինել: Սակայն ողնուղեղի հեղուկի վերլուծությունը ցույց է տվել, որ հիվանդը վարակվել է Balamuthia mandrillaris միաբջիջ ամեոբայով։

Այս ամեոբայով վարակվածներից միայն մեկն է ողջ մնում, և վաղ բուժումը շատ կարևոր է: Հիվանդը հոսպիտալացումից հետո ապրել է ութ օր։ Չնայած բուժմանը, նրա վիճակը վատացել է, նրան միացրել են արհեստական օդափոխության սարքին (ԻՎԼ)՝ առաջացած շնչառական խնդիրների պատճառով։

Ամեոբան, որը վարակել էր կնոջը, սովորաբար հանդիպում է փոշու, հողի և ջրի մեջ: Այն ուղեղ է թափանցում բաց վերքերի կամ շնչառության միջոցով, ենթադրում են գիտնականները։ Բժիշկները կարծում են, որ հիվանդը վարակվել է ջրում, օրինակ՝ լճակում, բնակված ամեոբայով։

Balamuthia Mandrillaris-ը առաջին անգամ հայտնաբերել է 1986 թվականին ամերիկացի գիտնական Ուիլյամ Բալամութը։ Այդ ժամանակից ի վեր ամբողջ աշխարհում գրանցվել է այդպիսի ընդամենը 200 դեպք, որից 100-ը՝ ԱՄՆ-ում։ Միացյալ Նահանգներում բնակվող մեկ այլ ամեոբա՝ Naegleria fowler-ը, առաջացնում է նմանատիպ ախտանիշներ՝ դողէրոցք, գլխացավ, փսխում, լեթարգիա և սրտխառնոց վաղ փուլերում: Զարգանալուն զուգընթաց այն կարող է հանգեցնել ջղաձգումների, թուլության, մոլորվածության, մասնակի կաթվածի և խոսելու դժվարության:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում