Ճապոնացի գիտնականները նախատեսում են սկսել ատամների աճի վերականգնման նոր դեղամիջոցի փորձարկումը

15 մայիսի, 2024  08:38

Ճապոնացի հետազոտողները նախատեսում են այս աշնանն սկսել ատամների աճի վերականգնման նոր դեղամիջոցի փորձարկումը մարդկանց վրա Կիոտոյի համալսարանական հիվանդանոցում, կենդանիների վրա հաջող փորձարկումներից հետո։

Փորձարկումների առաջին փուլը կսկսվի սեպտեմբերին եւ կշարունակվի մինչեւ 2025թ.՝ 30 հասուն տղամարդկանց մասնակցությամբ։ Հաջորդ փուլում կիրականացվի դեղամիջոցի թեստավորում 2-7 տարեկան երեխաների վրա, որոնք ի ծնե ատամներ չունեն։

«Մենք ցանկանում ենք անել մի բան, որ օգնենք նրանց, ովքեր տառապում են ատամների կորստից կամ դրանց բացակայությունից,- ասել է հետազոտության առաջատար հեղինակ Կատսու Տակահաշին The Mainichi ճապոնական թերթի հարցազրույցում։- Թեեւ այսօրվա դրությամբ չկա մշտական ապաքինում ապահովող բուժում, բայց մենք կարծում ենք, որ մարդկանց ակնկալիքները ատամների վերականգնման հարցում բարձր են»։

2021թ. գիտնականները հայտնաբերեցին գեն՝ uterine sensitization-associated gene-1 (USAG-1), որը, ինչպես պարզվեց, կանգնեցնում է մկների լրացուցիչ ատամների աճը։ Այդ գենի ապաակտիվացումը եւ դրա կարգավորած սպիտակուցի արտազատման դադարումը հանգեցրին այն բանին, որ այլ կենդանիների մոտ սկսեցին աճել բացակա կամ լրացուցիչ ատամները։

Կենդանիների վրա կլինիկական փորձարկումներից եւ լուրջ կողմնակի ազդեցությունների բացակայությունը պարզելուց հետո հետազոտողները պատրաստ են փորձել ճնշել մարդկանց USAG-1-ը, հենց որ դեղամիջոցը անվտանգ ճանաչվի մարդկային օրգանիզմի համար։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում