Իրանի առողջապահության նախարարի հետ քննարկվել են աշնանը ՀՀ-ում սպասվող դեղագործական երկկողմ ցուցահանդեսի մանրամասները

30 մայիսի, 2024  11:55

Ժնև կատարած այցն Անահիտ Ավանեսյանն ամփոփել է գործընկերների հետ երկկողմ հանդիպումներով: Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Վրաստանի առողջապահության նախարար Միխեիլ Սարջվելաձեի հետ նախարարը քննարկել է մի քանի ոլորտներում համագործակցության ընթացքը`

բնակչությանը վարակիչ հիվանդություններից պաշտպանություն. դեղագործության ոլորտում համագործակցության խթանում. միջսահմանային արտակարգ իրավիճակների կառավարման ու վերահսկման նպատակով արագ արձագանքման բժշկական թիմերի սերտ համագործակցություն:

Միխեիլ Սարջվելաձեն շնորհակալություն է հայտնել նախարարին ՄԻԱՎ-ի կանխարգելմանն ուղղված դեղերի ապահովման հարցում Վրաստանին ցուցաբերած աջակցության համար: Անահիտ Ավանեսյանը գործընկերոջը հրավիրել է Հայաստան և ստացել փոխադարձ հրավեր:

Իրանի առողջապահության նախարար Բահրամ Էյնոլլահիի հետ հանդիպման ժամանակ նախարարը ցավակցել է գործընկերոջը` Իրանի նախագահ Սեյյեդ Էբրահիմ Ռայիսիի և բարձրաստիճան մյուս անձանց մահվան կապակցությամբ:

Ընդգծվել է հարևան երկրների հարաբերությունների բարեկամական և բարձր մակարդակը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել աշխատանքային խմբեր և մշակված ճանապարհային քարտեզի հիման վրա իրականացնել առողջապահության ոլորտում միջգերատեսչական հուշագրով սահմանված կոնկրետ քայլեր: Քննարկվել են աշնանը Հայաստանում սպասվող դեղագործական երկկողմ ցուցահանդեսի մանրամասները:

Բրազիլիայի առողջապահության նախարարի տեղակալ Կառլոս Գադելհայի հետ հանդիպմանը երկուստեք ներկայացվել են ոլորտային առաջնահերթությունները, որոնց մասով երկու երկրներում էլ համընկնումներ կան`

ԱԱՊ օղակի բարելավում և ամրապնդում. առողջության համապարփակ ապահովագրության ներդրում. միջին բուժաշխատողների կարիքների լուծում:

Առանձնակի շեշտվել է դեղագործական ոլորտում փոխգործակցության ծավալումը։ Քննարկվել են երկու երկրների առողջապահության նախարարությունների միջև ստորագրվելիք փոխըմբռնման հուշագրի կետերը, որի հիման վրա մշակվում է գործնական ծրագիր։

Ղազախստանի առողջապահության նախարար Ակմարալ Ալնազարովայի հետ հանդիպմանը Անահիտ Ավանեսյանը կարևորել է վերջին տարիներին Ղազախստանի առողջապահության նախարարության ձեռքբերումները` առողջապահության ոլորտի զարգացման գործում` ՏՏ֊ի գործիքակազմի միջոցով, և առաջարկել երկկողմ հարաբերություններով հաստատված կետերը խթանել ակտիվ շփումներով: Նաև բժշկագիտության ոլորտում համագործակցության առաջարկներ են քննարկվել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում