Մկների վրա կատարված նոր ուսումնասիրության արդյունքները ցույց են տալիս, որ ձիթապտղի մեջ պարունակվող բնական միացությունը՝ օլեանոլաթթուն, կարող է իջեցնել արյան մեջ շաքարի մակարդակը և նպաստել քաշի նվազմանը, տեղեկացնում է American Society for Nutrition-ը։
Գիտնականների կարծիքով, այս հետազոտությունը կարող է անվտանգ և էժան բնական մթերքների ստեղծման ճանապարհ հարթել՝ մարդկանց ճարպակալումն ու 2-րդ տիպի շաքարախտը բուժելու համար:
Նրանք պարզել են, որ ընդամենը մեկ շաբաթ անց ճարպակալում և շաքարախտ ունեցող մկները, որոնց օլեանոլաթթու է տրվել, զգալիորեն ավելի պակաս են կշռել և ցույց են տվել արյան շաքարի (գլյուկոզայի) ավելի լավ կարգավորում, քան բուժումից առաջ:
Գլյուկոզան իջեցնող ազդեցությունը համեմատելի է եղել ներարկային դիաբետիկ դեղամիջոցի՝ լիրագլուտիդի ազդեցության հետ և ավելի լավ, քան մետֆորմինը, որը 2-րդ տիպի շաքարախտի բուժման ամենատարածված դեղահաբերից մեկն է:
Նոր աշխատանքի համար հետազոտողները սկսել են բնական միացությունների բացահայտումից, որոնք ներգործում են L-բջիջների վրա, որոնք պարունակում են նյութափոխանակման երկու հորմոն, որոնք արտազատվում են սննդի ընդունման ժամանակ:
Այս հորմոնները, որոնք կոչվում են GLP-1 և PYY, միասին են գործում՝ նպաստելով կշտանալուն և կանխելով չափից շատ ուտելը, ինչպես նաև վերահսկում են արյան մեջ շաքարի մակարդակը և նյութափոխանակությունը: Սքրինինգի գործընթացը ցույց է տվել, որ օլեանոլաթթուն, որը պարունակվում է հասուն ձիթապտղի և առաջին մզվածքի ձիթայուղի մեջ, կարող է խթանել այս հորմոնների արտազատումը աղիքներում: Նրանք կարողացել են օլեանոլաթթու ստանալ՝ քայքայելով դրան նախորդող օլեուրոպեինը, ինչն ավելի էժան է, քան այն անմիջականորեն ձիթապտղից հանելը։
Ճարպակալումով և շաքարախտով հիվանդ մկների վրա այս միացության փորձարկումները ցույց են տվել, որ օլեանոլաթթու ստացած մկների մոտ զգալիորեն բարելավվել է նյութափոխանակությունը՝ ճարպակալում ունեցող և նման բուժում չստացած մկների համեմատ։
Չորս-հինգ շաբաթ բուժումից հետո մկների մոտ 10,7%-ով նվազել է ճարպակալումը, ինչպես նաև արյան մեջ շաքարի մակարդակը և ինսուլինի հանդեպ զգայունությունը, որոնք համեմատելի էին առողջ նիհար մկների ցուցանիշների հետ:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում