Անձի ֆունկցիոնալության գնահատման նոր կարցով պետությունը հրաժարվո՞ւմ է իր նախկին պարտավորություններից. ՀԿ–ն դիմել է դատարան

2 հուլիսի, 2024  17:55

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ն դատական կարգով բողոքարկել է անձի ֆունկցիոնալության գնահատման նոր կարգը: Այս մասին NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասաց ՀԿ-ի տնօրեն Մուշեղ Հովսեփյանը՝ հիշեցնելով, որ 2023 թվականից առաջին անգամ հաշմանդամության սահմանման գործընթացով անցնողների, իսկ 2024 թվականից արդեն բոլորի համար փոխվել է գնահատման համակարգը, որի արդյունքում հանձնաժողովը որոշում է անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը՝ թեթև, միջին, ծանր, խորը:

«Հաշմանդամություն ունեցող մարդիկ կան, որոնք, օրինակ, 90-ական թվականներից ունեն սահմանված անժամկետ հաշմանդամություն, և պետությունը իրենց առաջ ունի պարտավորություններ՝ օրինակ, սայլակ կամ որևէ այլ աջակցող սարք տրամադրելու։ Հիմա  եթե նրանք ցանկանան նոր սայլակ ստանալ, ապա կարիք են ունենալու ծառայությունների անհատական նոր ծրագրի, որը տրամադրվում է միայն այն դեպքում, երբ մարդը անցնում է այս գնահատումը: Սա ապօրինի է այնքանով, որ մարդը՝ հաշմանդամության մասին որոշման հիման վրա ձևավորել է ակնկալիքներ պետությունից՝ իրեն անհրաժեշտ ծառայությունների ու պարագաների տրամադրման տեսքով: Եթե պետությունը դա չի տրամադրում, և մարդկանց առաջարկում է նորից գնահատում անցնել, նշանակում է, որ անհիմն կասկածի տակ է դնում իր կողմից ընդունված բոլոր նախորդ որոշումները, և նաև հրաժարվում է դրանցից առաջացած պատասխանատվությունից»,-ասաց Մուշեղ Հովսեփյանը:

Նրա խոսքով, եթե մարդը նախկինում ունեցել է առաջին կարգի հաշմանդամություն, ապա, ըստ նոր կարգավորումների,  քիչ է հավանականությունը, որ նա կշարունակի համարվել ֆունկցիոնալության խորը սահմանափակում ունեցող անձ, քանի որ միայն ֆունկցիոնալության 95-100 տոկոս սահմանափակման դեպքում է հաշմանդամությունը համարվում  խորը:

«Դրա հետևանքով կնվազի հաշմանդամության նպաստը, անձը կզրկվի որոշ արտոնություններից: Մարդը երկընտրանքի առջև է կանգնելու. ստանալ սայլակը կամ պահպանել հաշմանդամության առաջին կարգը»,-հավելեց նա:                   

Ըստ ՀԿ տնօրենի՝  նոր համակարգն աշխատում է հետևյալ կերպ. մարդը դիմում է, մասնագետները 40-60 կատեգորիաներով գնահատում են: Օրինակ, քայլելու կարողությունը գնահատվում է 0, եթե մարդը ինքնուրույն, առանց որևէ աջակցության կարողանում է քայլել: Բոլոր կատեգորիաների գնահատումից հետո, ավտոմատացված համակարգը որոշում է, արդյո՞ք անձը ունի հաշմանդամություն, թե ոչ, և քանի՞ տոկոս է ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը: Խնդիրն այն է՝  հայտնի չէ, թե որ կատեգորիաներն է կարևորում, և որոնք անտեսում համակարգը: Ի՞նչ բանաձևով են հաշվում արդյունքերը: Պետությունը կիրառում է մի բանաձև, որը որևէ իրավական ակտով սահմանված չէ: Դա ուղղակի նախարարության և այդ համակարգը սպասարկող տեխնոլոգիական ընկերության պայմանագրի կետ է»,-ասաց նա:

Մուշեղ Հովսեփյանի խոսքով, պետությունը չի կարող վարչարարության գործընթացում անել մի բան, որը իրավական ակտերով ու օրենքներով սահմանված չէ: Հասարակական կազմակերպությունը 2023 թվականի սեպտեմբերին դիմել է դատարան: Առաջին նիստի ժամանակ դատարանը նախարարությանից պահանջել է ներկայացնել բանաձևը, որով աշխատում է համակարգը:

«Այն վերլուծելուց հետո մենք տեսանք, որ կա ևս մի հակասություն օրենքի հետ: Բանաձևում ասվում է, որ միջավայրային գործոնների գնահատման արդյունքները հաշվի չեն առնվում հաշմանդամություն ունենալու կամ չունենալու հարցի պատասխանի մեջ: Այսինքն ինչպես նախորդ համակարգի դեպքում, այնպես էլ հիմա, ուշադրությունը կենտրոնանում է առողջական խնդրի վրա, այլ ոչ թե օրինակ, թե մարդու ապրելու վայրը ինչպես է ազդում իր կենսագործունեության վրա: Սայլակ օգտագործող մարդիկ Երևանում և գյուղական համայնքներում շատ տարբեր դժվարությունների են հանդիպում, ինչի հետևանքով փոխվում է մարդու հաշմանդամության ազդեցությունը իր կյանքի վրա»,-ասաց նա:

Մուշեղ Հովսեփյանի խոսքով, ակնկալվում է, որ վերջնական ակտով դատարանը ոչ իրավաչափ կճանաչի բանաձևի կիրառումը, և բանաձևում միջավայրային գործոնները հաշվի չառնելը: «Չգիտեմ՝ դատարանը ինչ կորոշի, օրինակ, կարող է որոշել՝  այս ընթացքում այդ բանաձևով կիրառված բոլոր 15 հազար վարչական ակտերը սահմանել ոչ իրավաչափ ու նորից գնահատում անցկացնել»,-հավելեց նա:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում