Քաղցկեղով և սրտային պաթոլոգիաներով բուժառուներն այսուհետ լիարժեք բուժում կստանան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում

16 հուլիսի, 2024  12:56

Ուռուցքաբանության ազգային կենտրոնում բացվել է Որովայնային և էնդովիրաբուժության ընդլայնված բաժանմունք, որին ներկա է եղել ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Մեր նպատակն է Հայաստանում ապահովել քաղցկեղի բուժման ամբողջ շղթան: Մի կողմից՝ բոլոր ծառայությունները ֆիզիկապես, մյուս կողմից՝ ֆինանսապես, մեր երկրում դարձնել հասանելի, որին նպաստելու է առողջապահական ապահովագրության ներդրումը»,- բաժանմունքի բացմանը նշել է նախարար Անահիտ Ավանեսյանը:

Այսուհետ քաղցկեղ ունեցող բուժառուները, որոնք նաև սրտային պաթոլոգիաներ ունեն, կարող են լիարժեք բուժում ստանալ հենց տեղում՝ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում:

Ժամանակակից էնդոսկոպներով և այլ բուժսարքավորումներով հագեցած բաժանմունքում տրամադրվում են էնդոսկոպիկ ինտերվենցիոն ռադիոլոգիայով և կարդիո-օնկոլոգիական ծառայություններ, իրականացվում բարդագույն վիրահատություններ:

Կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանը նախարարին ու հրավիրված պատգամավորներին ներկայացրել է նորաբաց բաժանմունքի հնարավորությունները: Բաժանմունքում տրամադրվում է 4 ծառայություն.

Էնդոսկոպիկ վիրաբուժության ծառայություն. Ինտերվենցիոն թոքաբանության ծառայություն. Ինտերվենցիոն վիրաբուժություն. Սրտաբանական և կարդիո-օնկոլոգիական ծառայություն:

Ուռուցքաբանության ազգային կենտրոնում ավարտական փուլում են նաև ճառագայթային բաժանմունքի շինարարական ու ժամանակակից բուժսարքավորումներով վերազինման աշխատանքները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում