Ռուսաստանում հայտնաբերել են խրոնիկական հեպատիտ B-ին հաղթելու միջոցը

1 օգոստոսի, 2024  08:32

Խրոնիկական հեպատիտ B-ի բուժման համար նոր դեղամիջոցի մշակումը վերջնական փուլում է։ Ռուսաստանի Առողջապահության նախարարության Սեչենովի համալսարանի գիտնականները զգալի առաջընթաց են գրանցել՝ ստեղծելով դեղամիջոց, որն ամբողջությամբ կարող է բուժել այս վտանգավոր հիվանդությունը։ Դրա մասին  «Российская газета»-ին տված հարցազրույցում հայտնել է Սեչենովի համալսարանի դեղամիջոցների ստեղծման գենետիկական տեխնոլոգիաների լաբորատորիայի ղեկավար Դմիտրի Կոստյուշևը։

Խրոնիկական հեպատիտ B-ն շարունակում է մնալ հանրային առողջության ամենալուրջ սպառնալիքներից մեկն ամբողջ աշխարհում: Չնայած դեռևս 1981 թվականին մշակված պատվաստանյութի առկայությանը, այս հիվանդությամբ մոտ դեռ 350 միլիոն մարդ է տառապում, գրում է Planet Today-ը։ Ամեն տարի հեպատիտ B-ի հետևանքներից շուրջ մեկ միլիոն մարդ է մահանում։ Գոյություն ունեցող բուժման եղանակները կարող են միայն վերահսկել վիրուսի ակտիվությունը, բայց լիովին ազատել օրգանիզմը վարակից ի վիճակի չեն։

Դմիտրի Կոստյուշևը պարզաբանում  է, որ գոյություն ունեցող թերապիայի հիմնական խնդիրը ցմահ դեղորայքի անհրաժեշտությունն է։ Սա ոչ միայն նվազեցնում է հիվանդների կյանքի որակը, այլև ոմանք այն անօգուտ համարելով, կարող են ընդհատել իրենց բուժումը։ Նման որոշումը կարող է աղետալի հետևանքներ ունենալ, քանի որ չվերահսկվելու դեպքում վիրուսը կշարունակի ոչնչացնել լյարդը՝ հանգեցնելով ցիռոզի և քաղցկեղի։

Սեչենովի համալսարանում մշակվող նոր դեղամիջոցը բուժման սկզբունքորեն այլ մոտեցում է կիրառում: Վիրուսի ակտիվությունը ճնշելու փոխարեն այն ուղղված է մարմնի բջիջներից վիրուսային գենոմի ամբողջական հեռացմանը։ Դա հնարավոր դարձավ վիրուսային ԴՆԹ-ն ճանաչելու և ոչնչացնելու ունակ հատուկ մոլեկուլային գործիքի ստեղծման շնորհիվ։

Ընդսմին, նման դեղամիջոցի մշակումը մի շարք դժվարությունների է բախվում: Դրանցից մեկը փորձարկման համար համապատասխան մոդելների բացակայությունն է։ Բանն այն է որ հեպատիտ B-ի վիրուսը վարակում է միայն մարդկանց ու շիմպանզեներին, մինդեռ վերջիններիս վրա փորձարկումներն արգելված են։ Այս խնդիրը լուծելու համար գիտնականները   հեպատիտ B-ի վիրուսի նկատմամբ ընկալունակ գենետիկորեն ձևափոխված մկներ են ստեղծել:

Կոստյուշևն ընդգծել է, որ բուժման ամենաարդյունավետ ռազմավարությունը կներառի գոյություն ունեցող թերապիայի և նոր դեղամիջոցի համակցումը։ Ստանդարտ բուժումը սկզբում վիրուսի ակտիվությունը կհասցնի նվազագույնի, այնուհետև նոր դեղամիջոցը այն լիովին կհեռացնի բջիջներից։

Կարևոր է նշել, որ մշակվող դեղամիջոցն արդյունավետ կլինի միայն հեպատիտ B-ի նկատմամբ: Սակայն դրա կիրառումն անուղղակիորեն հիվանդներին կպաշտպանի հեպատիտ D-ից, որը կարող է զարգանալ միայն հեպատիտ B վիրուսով արդեն վարակված մարդկանց շրջանում:

Այս դեղամիջոցի ստեղծման հաջողությունը կարող է շրջադարձային լինել վիրուսային հեպատիտի դեմ պայքարում: Թեև հեպատիտ C-ն ժամանակակից հակավիրուսային դեղամիջոցների շնորհիվ արդեն ենթակա է բուժման, հեպատիտ B-ն մինչև օրս մնում էր անբուժելի: Նոր դեղամիջոցը կարող է փոխել այդ իրավիճակը՝ ամբողջ աշխարհում հույս տալով միլիոնավոր մարդկանց:

Սեչենովի համալսարանում անցկացվող հետազոտությունները համաշխարհային գիտության առաջնագծում են։ Կոստյուշևի համոզմամբ՝ իրենց լաբորատորիան մի շարք ցուցանիշներով բազմաթիվ մրցակիցներից առաջ է անցել։ Այս ձեռքբերումն ընդգծում է ռուսական բժշկական գիտության բարձր մակարդակը և վկայում  համաշխարհային առողջապահական խնդիրների լուծման գործում նրա ներուժի մասին։

Հեպատիտ B-ի դեմ նոր դեղամիջոցի ստեղծումը վիրուսային հեպատիտի դեմ պայքարի ավելի լայն ռազմավարության մի մասն է: Ռուսաստանում հեպատիտ C-ի բուժման հարցում պետական ​​անվճար բուժման ծրագրի շնորհիվ արդեն իսկ զգալի առաջընթաց է գրանցվել։ Խրոնիկական հիվանդների թիվն անընդհատ նվազում է, և այս խնդիրը տեսանելի ապագայում ամբողջությամբ վերացնելու համար բոլոր հնարավորությունները ստեղծված են։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում