Ինչպե՞ս է շոգն ազդում մարդու վարքի վրա

15 օգոստոսի, 2024  08:39

Մարդու մարմինը հարմարեցված չէ շոգին։ Ջերմային հարվածի դեպքում կարող է առաջանալ հաշմանդամություն կամ անգամ մահ պոլիօրգանային անբավարարության (երիկամներ, սիրտ եւ ուղեղ) հետեւանքով։

 Մահացու կարող է լինել 35°C-ն օդի 100 տոկոս խոնավության դեպքում, գրել է ՏԱՍՍ-ը։ Այս պայմաններում քրտինք չի արտադրվում, իսկ մարմինը սառչում է, ինչի հետեւանքով ամենապատրաստված մարդն անգամ կմահանա մի քանի ժամում։ Բայց ֆիզիկական առողջության խնդիրները միակ վտանգը չեն՝ կապված բարձր ջեմաստիճանների հետ։

Հետազոտության համաձայն՝ շոգն իսկապես նպաստում է հոգեկան առողջության վիճակի վատացմանը։ Ծայրահեղ բարձր ջերմաստիճանները կապված են գրգռվածության եւ դեպրեսիայի խորացման հետ։ Ջերմային հարվածը լուրջ վտանգ է ներկայացնում նաեւ ուղեղի համար, մարդկանց 10-28 տոկոսը բախվում է երկարաժամկետ կոգնիտիվ կամ նյարդաբանական խնդիրների։ Դրանք, իրենց հերթին, կարող են առաջ բերել տարբեր հոգեկան խանգարումներ, օրինակ՝ դեպրեսիա։

Շոգը վտանգավոր է նաեւ մենթալ խնդիրներ ունեցող պացիենտների համար։ Մեծ միջազգային հետազոտությունը ցույց է տվել, որ ջերմաստիճանի բարձրացումը կարող է առաջացնել ռեցիդիվներ այն մարդկանց մոտ, ովքեր տառապում են երկբեւեռ խանգարմամբ։ Բարձր ջերմաստիճանները խորացնում են նաեւ շիզոֆրենիայի, տրամադրության տարբեր խանգարումների եւ տագնապայնության ախտանշանները։

Ամերիկյան հետազոտությունը ցույց է տվել, որ շոգին ավելանում է այն մարդկանց թիվը, ովքեր դիմոմն են շտապ բուժօգնության համար՝ կապված հոգեկան առողջության վատացման հետ։ Շոգի տխուր հետեւանքներից մեկն է նաեւ ինքնասպանությունների թվի ավելացումը՝ 1979-2016թթ. 60 երկրներում ավելացել է դրանց թիվը։

Դեղամիջոցները եւս անհանգստացնող երեւույթ են շոգի պայմաններում. մարդիկ դրանք խմում են հոգեկան խանգարումները մեղմելու համար։ Շատ դեղեր բացասաբար են անդրադառնում շոգը հաղթահարելու օրգանիզմի ունակության վրա։ Արդյունքը օրգանների խանգարման եւ անգամ մահվան ռիսկի բարձրացումն է։

Ամռան շոգ ամիսներին մարդկանց արդյունավետությունը եւ կոգնիտիվ ունակությունները նվազում են։ Գիտնականները գտել են, որ մարդիկ ավելի վատ են լուծում խնդիրները, երբ շոգ է։ Լավ օրինակ են ամերիկացի դպրոցականների արդյունքները քննությունների ժամանակ։ Գիտնականներն ուսումնասիրել են մոտ մեկ միլիոն սովորողների միավորները 1999-2011թթ.։ Պարզվել է, որ եթե ջեմաստիճանը դասարանում քննության ժամանակ 32 աստիճան է, դպրոցականների քննությունը հաջող հանձնելու շանսերը կրճատվել են 10 տոկոսով։ Մեկ այլ ամերիկյան հետազոտություն ցույց է տվել, որ համալսարանների ուսանողները, որոնք գտնվում են 26,3-30 ջերմաստիճան ունեցող լսարաններում, ավելի վատ են հիշել տեղեկությունը նրանց համեմատ, ովքեր սովորել են 21,4–25 ջերմաստիճան ունեցող լսարաններում։

Շոգն ազդում է նաեւ արտադրողականության վրա։ Պարզվել է, որ արտադրողականությունն սկսում է աստիճանաբար ընկնել, երբ 23-24 աստիճան է, իսկ 30 աստիճանի դեպքում անկումը կազմում է 8,9 տոկոս։

Այս վիճակագրությունը կապված է այն բանի հետ, որ շոգի պարագայում օրգանիզմի ռեսուրսներն այլ կերպ են բաշխվում, էներգիան տրամադրվում է օրգանիզմը հովացնելուն։ Որպես արդյունք՝ վատանում են ինտելեկտուալ գործունեության ցուցանիշները։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում