Գիտնականները հայտնաբերել են մաշկի սպիտակուց, որը կարող է օգնել էկզեմայի և փսորիազի բուժմանը

16 օգոստոսի, 2024  08:42

Հետազոտողները հայտնաբերել են նախկինում անհայտ ազդանշանային ուղի, որը մասնակցում է փսորիազի և էկզեմայի զարգացմանը: Այն կարող է դառնալ հավանական թիրախ դառնալ նոր դեղամիջոցների համար, որոնք նախատեսված են դրանց բուժման համար:

Փսորիազը և էկզեման (ատոպիկ դերմատիտ) մաշկային բորբոքային հիվանդություններ են, որոնք դժվար է բուժել: Արդյունավետ դեղամիջոցներ ստեղծելու համար անհրաժեշտ է հստակ իմանալ, թե ինչպես և ինչու են առաջանում այդ հիվանդությունները։

Ցինցինատիի մանկական հիվանդանոցի (ԱՄՆ) գենետիկայի և ասթմայի հետազոտության մասնագետներն ավելի են մոտեցել մաշկի բորբոքային հիվանդությունների զարգացման մոլեկուլային մեխանիզմների ըմբռնմանը և հայտնաբերել են նոր ազդանշանային ուղի, որը մասնակցում է մաշկի պաշտպանիչ պատնեշի ստեղծմանը: Հետազոտության արդյունքները ներկայացված են Cell Reports ամսագրում։

Մաշկի հիմնական՝ պաշտպանիչ, գործառույթն իրականացվում է բազմաթիվ ազդանշանային սպիտակուցների փոխազդեցության շնորհիվ: Կերատինոցիտների (մաշկի էպիդերմիսի հիմնական բջիջների) թաղանթների վրա կա CARD14 կոչվող սպիտակուց։ Գիտնականներին արդեն հայտնի էր, որ այն կապված է NF-κB տրանսկրիպցիոն գործոնի հետ, որը մասնակցում է իմունային համակարգի կարգավորմանը։ NF-κB-ի աշխատանքի խախտումը հանգեցնում է աուտոիմուն, բորբոքային կամ քաղցկեղային հիվանդությունների, այդ թվում՝ փսորիազի և էկզեմայի, եթե CARD14-ը չափազանց կամ անբավարար է ակտիվացնում NF-κB-ն:

Սակայն այս ազդանշանային ուղին մաշկի պաշտպանիչ պատնեշը պահպանելու միակ կարևոր գործոնը չէր: Գիտնականները պարզել են, որ CARD14-ը կարող է կապվել նաև մեկ այլ՝ MYC տրանսկրիպցիոն գործոնի հետ: Այն կարևոր դեր է խաղում մաշկի հոմեոստազի պահպանման գործում, խթանում է ցողունային բջիջների թարմացումը և նոր կերատինոցիտների ձևավորումը:

Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ CARD14-ը ուղղակիորեն փոխազդում է MYC-ի հետ: Սա հանգեցնում է դրա ակտիվացմանը, ինչը խթանում է նոր բջիջների ձևավորումը և ուժեղացնում է մաշկի մեխանիկական պաշտպանությունը:

Փսորիազով կամ էկզեմայով տառապող մարդկանց մոտ CARD14 սպիտակուցը սովորաբար արատավոր է: Ենթադրվում է, որ եթե այն բավարար չէ, ապա զարգանում է էկզեմա, իսկ եթե չափից շատ է, ապա փսորիազ: Նախկինում սա բացատրվում էր CARD14-ի և NF-κB-ի փոխազդեցությամբ: Սակայն նոր հետազոտությունը ցույց է տվել, որ մաշկի պաշտպանիչ պատնեշը պահպանելու գործում ներգրավված է երկու մեխանիզմ։

Նախ, CARD14-ի և NF-κB-ի փոխազդեցությունն ապահովում է մաշկի հակամանրէային պաշտպանությունը, քանի որ NF-κB-ն կարգավորում է իմունային համակարգի աշխատանքը: Երկրորդ, CARD14-MYC ազդանշանային ուղին, էպիդերմիսի թարմացման հաշվին, ապահովում է մաշկի մեխանիկական պաշտպանությունը, ինչը նույնպես կարևոր է բորբոքային հիվանդությունների զարգացումը կանխելու համար:

Գիտնականները նաև նշել են, որ CARD14-MYC ազդանշանային ուղին կարող է ազդել ոչ միայն մաշկի առողջության, այլև ասթմայի կամ էոզինոֆիլային էզոֆագիտի (կերակրափողի բորբոքում) զարգացման վրա, եթե այդ սպիտակուցների փոխազդեցությունը խախտված է շնչուղիների կամ կերակրափողի հյուսվածքներում։ 

Հետազոտության հեղինակներն այժմ զբաղված են  մանր մոլեկուլների որոնմամբ, որոնցով հնարավոր կլինի կարգավորել CARD14-ի և MYC-ի միջև  ազդանշանը: Նրանց նպատակը նոր դեղամիջոցներ գտնելն է։ Փսորիազի և էկզեմայի զարգացմանը մասնակցող նախկինում անհայտ մեխանիզմի հայտնաբերումը նոր հնարավորություններ է բացում այս հիվանդությունների բուժման թերապևտիկ մոտեցումների որոնման և մշակման մեջ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում