Շաքարի մակարդակի վատ վերահսկման դեպքում 2-րդ տիպի շաքարախտով հիվանդների ուղեղը միջինում չորս տարով ծեր է նորմայից: Սակայն առողջ ապրելակերպը պաշտպանում է արագացված ծերացումից, գրում է HealthDay հանդեսը։
Գիտնականները վերլուծել են 40-70 տարեկան ավելի քան 31 հազար բրիտանացու ուղեղի մագնիսառեզոնանսային շերտագրության պատկերները։
Կիրառելով արհեստական բանականությունը՝ բժիշկները հնարավորություն են ստեղծել գնահատելու յուրաքանչյուր մարդու ուղեղի կենսաբանական տարիքը:
Նախաշաքարախտով (շաքարախտի որոշ նշաններ ցույց տվող վիճակ) տառապող մարդկանց ուղեղն իրենց առողջ հասակակիցների ուղեղի համեմատ միջինում կես տարով մեծ էր:
Շաքարախտը 2,3 տարով «ծերացնում է» ուղեղը, իսկ վատ վերահսկվող շաքարախտն ուղեղը ծերացնում է չորս տարով: Սակայն շաքարախտից տառապող հիվանդները, որոնք ֆիզիկապես ակտիվ էին, չէին ծխում և ոգելից խմիչք չէին օգտագործում, ուղեղը բնականոն էր գործում:
Ապացուցված է, որ շաքարախտը մեծացնում է դեմենցիայի զարգացման վտանգը: Հետևաբար, շաքարախտով հիվանդացության աճը, ամենայն հավանականությամբ, հանգեցնում է դեմենցիայի դեպքերի աճի: Նոր հետազոտությունն այդ վիճակը կանխելու հնարավորություն է ընձեռել:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում