Ամերիկացի կենսաբանները պարզել են, որ պիրֆենիդոն դեղը, որն օգտագործում են իդիոպատիկ թոքային ֆիբրոզի բուժման համար, դանդաղեցնում է ձվարանների ծերացումը եւ կարգավորում դրանց հետ կապված հորմոնալ ֆոնը։ Դրա ավելի անվտանգ անալոգները կարելի է օգտագործել կանանց բեղունությունը բարձրացնելու համար, տեղեկացրել է Հյուսիսարեւմտյան համալսարանի (Չիկագո) մամուլի ծառայությունը։
«Դեղն ունի վտանգավոր կողմնակի ազդեցություններ, այդ թվում լյարդի վրա թունավոր ազդեցություն։ Բայց մեր իրականացրած փորձերը ցույց են տվել, որ մենք կարող ենք դրա օգտագործմամբ խանգարել ձվարանների ծերացմանը եւ բարելավել դրանց աշխատանքը»,- նշել է համալսարանի դոցենտ Ֆրանչեսկա Դանքանը։
Դանքանը եւ այլ փորձագետներ նման եզրակացության են եկել այն բանից հետո, երբ էգ մկների ձվարանների հետազոտման ժամանակ օգտագործել են տարբեր դեղեր, որոնք կարողացել են ճնշել բորբոքումների առաջացումը եւ ֆիբրոզների գոյացումը մարդու մարմնի տարբեր օրգաններում։ Գիտնականները հայտնաբերել են, որ ձվարանների ծերացումը եւ մենոդադարն ուղեկցվում են բորբոքումների աճով եւ ֆիբրոզային հյուսվածքի առաջացմամբ այդ օրգաններում։
Կենսաբանները փորձել են պարզել, թե կարելի է արդյոք ճնշել այդ պրոցեսները ձվարանների հյուսվածքներում երկու արդեն գոյություն ունեցող դեղեր ներարկելով՝ պիրֆենիդոն եւ էտաներցեպտ, որոնք օգտագործվում են իդիոպատիկ թոքային ֆիբրոզի եւ ռեւմատոիդ արթրիտի բուժման համար։ Կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ էտաներցեպտը դրական ազդեցություն չի ունեցել կենդանիների բջիջների եւ օրգանների վրա, մինչդեռ պիրֆենիդոնը զգալիորեն դանդաղեցրել է ձվարանների ծերացումը էգ մկների մոտ եւ կանխել դրանց վերածումը ֆիբրոզային հյուսվածքի։ Դա հանգեցրել է հորմոնալ ֆոնի կարգավորման եւ ֆոլիկուլների թվի ավելացման՝ վերահսկիչ խմբի առանձնյակների համեմատ։
Այդ փորձերի հաջող ավարտը, ինչպես նշել է Դանքանը, թույլ է տալիս ակնկալել, որ պիրֆենիդոնի՝ կանանց առողջության համար ավելի անվտանգ անալոգներ կստեղծվեն, որի ընդունումը կբարելավի պացիենտների վերարտադրողական առողջությունը, ինչպես նաեւ կերկարացնի մինչեւ մենոդադար ժամանակը եւ դրա հետ կապված սեռական հորմոնների փոփոխությունները։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում