Գիտնականները պարզել են, որ մարզվելը առողջության համար օգտակար կլինի, եթե հանգստյան օրերին մարզասրահ այցելեք: Ավելի քան 89 հազար մարդու օգտագործած ֆիթնես թրեքերից հավաքված տվյալները ցույց են տալիս, որ հանգստյան օրերին մարզասրահում շաբաթական 150 ակտիվ րոպե անցկացնողները նվազեցնում են 264 հիվանդությունների զարգացման ռիսկը, գրում է Daily Mail-ը։
Ամերիկացի փորձագետները պարզել են, որ այսպես կոչված «հանգստյան օրերի մարտիկները»՝ ի տարբերություն ոչ ակտիվ մարդկանց, 43%-ով ավելի քիչ են հակված ախտորոշվելու շաքարախտով և 23%-ով՝ արյան ճնշման բարձրացմամբ:
Հետազոտությունն անցկացնելու համար Մասաչուսեթսի ընդհանուր պրոֆիլի հիվանդանոցի թիմը վերլուծել է Մեծ Բրիտանիայում 89 հազար 573 մարդու ֆիզիկական ակտիվության տվյալները, ովքեր մեկ շաբաթ կրել են ֆիթնես թրեքերներ: Մասնակիցների ֆիզիկական ակտիվությունը Առողջապահության ազգային ծառայության հանձնարարականով դասակարգվել է որպես «հանգստյան օրերի մարտիկ», «կանոնավոր» կամ «ոչ ակտիվ»՝ շաբաթական 150 րոպե չափավոր ակտիվությունից մինչև ինտենսիվ ֆիզիկական ակտիվություն:
Այնուհետև թիմը վեց տարվա ընթացքում հետազոտել է ֆիզիկական վարժությունների և 16 տեսակի հիվանդությունների, դրանց թվում՝ հոգեկան առողջության, մարսողական համակարգի և սրտանոթային հիվանդությունների 678 վիճակների միջև կապը:
Մասնակիցների մեկ երրորդը դասակարգվել է որպես ոչ ակտիվ, ինչը նշանակում է, որ նրանք շաբաթական 150 րոպեից պակաս (2,5 ժամ) չափավոր և ինտենսիվ ֆիզիկական ակտիվությամբ են զբաղվել: Մասնակիցների մեկ քառորդը կանոնավոր կերպով ակտիվ էր, այսինքն՝ նրանք շաբաթվա ընթացքում առնվազն նույն ինտենսիվությամբ վարժություններ էին անում:
Մնացած 42%-ն, որն իր մարզումները հետաձգել է մինչև հանգստյան օրեր, իրեն դրսևորել է իբրև «հանգստյան օրերի մարտիկ»։ Արդյունքները ցույց են տվել, որ գործունեության երկու տեսակներն էլ առնչվում են կյանքին սպառնացող հիվանդությունների զգալի կրճատմանը:
Մասաչուսեթսի ընդհանուր պրոֆիլի հիվանդանոցի գիտաշխատող և հետազոտության համահեղինակ դոկտոր Շաան Խուրշիդը նշել է, որ ստացված տվյալները վկայում են. առավել կարևոր է գործունեության ընդհանուր ծավալը, այլ ոչ թե գործունեության բնույթը:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում