Արևոտ առավոտյան զբոսնելը նպաստում է հաջորդ գիշեր ավելի խոր քնելուն. Journal of Health Psychology

27 սեպտեմբերի, 2024  19:25

Հարավային Միսիսիպիի համալսարանի ամերիկացի գիտնականներն ուսումնասիրել են առավոտյան արևի լույսի ազդեցությունը հաջորդ գիշեր քնի որակի վրա։ Պարզվում է, որ առավոտյան զբոսանքն օգնում է օրվա վերջում ավելի լավ հանգստանալ։ Հետազոտությունը հրապարակվել է Journal of Health Psychology (JHP) գիտաբժշկական ​​հանդեսում:

70-օրյա փորձին մասնակցել է 18-80 տարեկան 103 չափահաս: Յուրաքանչյուր մասնակից լրացրել է ամենօրյա հարցումը՝ որքան ժամանակ են եղել արևի տակ և ինչպես են գիշերը քնել:

Հետազոտության ամենակարևոր բացահայտումն այն էր, որ առավոտյան արևի լույսի ազդեցությունը կանխատեսում էր գիշերային քնի ավելի լավ որակ: Առավոտյան դրսում ժամանակ անցկացրած մարդիկ նշել են, որ ավելի արագ են քուն մտել, ավելի երկար ու խոր են քնել և գիշերն ավելի քիչ են արթնացել:

Նրանց քնի արդյունավետությունը (անկողնում անցկացրած ժամանակի որ հատվածն է ծախսվել քնելու վրա) նույնպես ավելի բարձր է եղել։

Գիտնականները միաժամանակ պարզել են, որ առավոտյան արևով երկար մնալը քնի վրա էական ազդեցություն չի ունեցել: Դա նշանակում է, որ նույնիսկ կարճատև քայլքը բավարար է՝ հաջորդ գիշեր խոր քուն մտնելու համար:

Գիտնականները ենթադրում են, որ ազդեցությունը պայմանավորված է ցիրկադային ռիթմերը և օրգանիզմում մելատոնինի արտադրությունը կարգավորելու արևի լույսի ունակությամբ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում