✕

Գիտնականները թոքերի բջիջները դեղերով թիրախային բուժման համար նանոմասնիկներ են ստեղծել

28 հոկտեմբերի, 2024  21:32

Ամերիկացի կենսատեխնոլոգները ոսկու և փայտանման օրգանական մոլեկուլների վրա հիմնված նանոմասնիկներ են մշակել, որոնք ունակ են ընտրողաբար ներթափանցել կաթնասունների թոքերի հյուսվածքը և ճշգրիտ կերպով նրանց մեջ տարբեր դեղամիջոցների մոլեկուլներ հասցնել:

Այդ մասնիկները կարող են օգտագործվել թոքաբորբի բուժման և թոքերի բորբոքումները ճնշելու համար, գրում են գիտնականները Nature Nanotechnology հանդեսում հրապարակված հոդվածում:  

«Ոսկու և դենդրիմերների մոլեկուլների հիման վրա մեր մշակած մասնիկները ունակ են շատ արագ և ճշգրիտ կերպով դեղամիջոցի մոլեկուլները հասցնել թոքերի հյուսվածքին: Համակարգչային տոմոգրաֆիայի շերտագրության միջոցով կատարված դիտարկումները ցույց են տալիս, որ փորձարարական կենդանիների երակներ մտնելուց հետո ընդամենը մի քանի րոպեի ընթացքում այդ մասնիկների մեծ մասին հաջողվում է արյան հոսքից ներթափանցել թոքեր»,-ըստ ТАСС գործակալության՝ գրում են հետազոտողները։

Նանոմասնիկները մշակել են մի խումբ ամերիկացի կենսատեխնոլոգներ՝ Համակարգային բժշկության պրոտեոգենոմիկ հետազոտությունների ինստիտուտի (ԱՄՆ) տնօրեն Յան Շնիթցերի գլխավորությամբ: Դրանք երկու տասնյակ նանոմետր տրամագծով միկրոսկոպիկ կառուցվածքներ են՝ պատված այսպես կոչված դենդրիմերների շերտով, խիստ ճյուղավորված օրգանական մոլեկուլներով, ինչպես նաև APP2 սպիտակուցի մոլեկուլների հետ միավորվող հատուկ հակամարմիններով։

Այս պեպտիդը մեծ քանակությամբ արտադրվում է թոքերի բջիջներում և առկա է կավեոլների (caveola) մակերեսին՝ արյան հոսքից մոլեկուլների կլանման մասնակցող բջջային թաղանթի փոքր ելուստներին: Հետազոտողները ենթադրել են, որ շնչառական օրգանի բջիջների այս հատկանիշը կարող է օգտագործվել՝ նանոմասնիկներ հասցնելու համար կավեոլներին և ստիպել թոքերին հնարավորինս ակտիվորեն ներծծել այդ կառուցվածքներն ու դա անել ավելի արագ, քան արյունը նման կառուցվածքներից մաքրող անոթային և լյարդի բջիջները:

Այսպես, գիտնականները պատրաստել են նանոմասնիկների մի քանի տարբերակներ, դրանց մեջ ներկառուցելով ռադիոակտիվ և լյումինեսցենտային դրոշմներ և սկսել են վերահսկել դրանց բաշխումը փորձնական առնետների օրգանիզմում՝ համակարգչային տոմոգրաֆ կիրառելով: Այս փորձերը գիտնականներին օգնեցին ընտրել ոսկու նանոմասնիկների չափը և դենդրիմերների կառուցվածքը, որը նրանց հնարավորություն է տալիս արյան մեջ ներարկվելուց ընդամենը տասը րոպե անց այս նանոպատիճների ավելի քան 50%-ը հասցնել թոքերի բջիջներ:

Հետազոտողները նշել են, նրանց ստեղծած նանոմասնիկները մեկ-երկու կարգի մեծությամբ գերազանցում են գոյություն ունեցող կառուցվածքներին, որոնք կենսաբաններն ու բժիշկներն ավելի վաղ փորձել են օգտագործել թոքերի և այլ օրգանների բջիջներին դեղամիջոց հասցնելու նպատակով: Գիտնականները հուսով են, որ ստեղծված նանոմասնիկների հետագա կիրառումը թոքաբորբի և թոքային վարակների բուժման համար մի քանի անգամ կնվազեցնի դեղերի չափաբաժինն ու օրգանիզմի համար բուժումն առավել անվտանգ կդարձնի։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում