ԱՀԿ-ն հայտարարել է Նիգերիայում Էբոլայի տենդը հաղթահարելու մասին

20 հոկտեմբերի, 2014  20:48

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է Նիգերիայում Էբոլայի տենդի վիրուսի տարածման ավարտի մասին:

«Ներկայում վիրուսը հետ է քաշվել: Նիգերիայում բռնկումը հաղթահարվել է: Հսկայական հաջողության այս պատմությունն ապացուցում է, որ Էբոլայի տարածումը կարելի է կանխել»,- Նիգերիայում ԱՀԿ-ի ներկայացուցիչ Ռուի Գամա Վազայի խոսքերն է մեջբերում Reuters գործակալությունը:

Նիգերիայում Էբոլայի վիրուսով վարակվելու վերջին դեպքը գրանցվել է 42 օր առաջ՝ սեպտեմբերի 5-ին: Դրանից հետո վարակի նոր դեպքեր պաշտոնապես չեն գրանցվել:

ԱՀԿ-ի կանոնների համաձայն՝ երկրում Էբոլայի բռնկման ավարտի մասին հայտարարելու համար, վարակի հայտնաբերման վերջին դեպքից հետո պետք է 42 օր անցնի: Այս ժամկետը երկու անգամ գերազանցում է Էբոլայի երեքշաբաթյա ինկուբացիոն շրջանը: Ավելի վաղ Էբոլայի վիրուսը հաղթահարած երկիր էր հայտարարվել Սենեգալը:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում