Մեծ Բրիտանիայում վերջին 50 տարում առաջին անգամ ասթմայի նոպաների դեմ նոր դեղամիջոց են մշակել

28 նոյեմբերի, 2024  17:20

Հետազոտողները պնդում են, որ կես դարում առաջին անգամ ասթմայի նոպաների բուժման նոր միջոց են գտել, գրում է BBC-ն։

Բենրալիզումաբ դեղամիջոցի կլինիկական փորձարկումները ցույց են տվել, որ այն շատ ավելի արդյունավետ է, քան սովորական ստերոիդ հաբերը՝ օգնելով բուժել հիվանդության ծանր ձևերից տառապող մարդկանց կյանքին սպառնացող շնչառական խնդիրները:

Այն պարունակում է արյան սպիտակ բջիջների մեկ տեսակին՝ էոզինոֆիլներին հատուկ ուղղված մոնոկլոնալ հակամարմիններ, որոնք կարող են ներթափանցել այսպես կոչված էոզինոֆիլ ասթմա ունեցող մարդկանց թոքերը և շնչուղիների այտուցվածություն և արգելափակում առաջացնել:

Ասթմայի այս ձևը կազմում է հիվանդության բոլոր սրացումների մոտ կեսը:

Նույն կենսաբանական մեխանիզմն ընկած է թոքային խրոնիկական օբստրուկտիվ հիվանդության (COPD) բոլոր ծանր սրացումների մեկ երրորդի հիմքում:

Սակայն Լոնդոնի Թագավորական քոլեջի հետազոտողները պարզել են, որ ասթմայից կամ COPD-ից տառապող հիվանդները, ովքեր նոպայի ժամանակ դեղամիջոցի ներարկում են ստացել, չորս շաբաթ անց ավելի քիչ են տառապում խզզոցից, շնչարգելությունից և այլ ախտանիշներից:

​​Նման նոպան` շնչառության դժվարությունը, խզզոցները, հազը և կրծքավանդակի սեղմվածությունը սովորական ինհալատորներով վերահսկելու անհնարինության դեպքում, բժիշկներն արդեն ստերոիդների կուրս են նշանակում:

Բենրալիզումաբն արդեն օգտագործվում է ամենածանր դեպքերում, սակայն վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ այն կարող է ավելի կանոնավոր օգտագործվել:

Գիտնականները գլխի են ընկել, որ ասթմայի կամ թոքային խրոնիկական օբստրուկտիվ հիվանդության ոչ բոլոր նոպաներն են նույնը: Փոխարենը, տարբեր հիվանդների շրջանում իմունային համակարգի տարբեր մասերը տարբեր կերպ են արձագանքում:

«Հիմա տեսնում ենք, որ բորբոքման տարբեր ձևեր կան և կարելի է ճիշտ հիվանդին ժամանակին ճիշտ բուժում տալ»,-ասում է Թագավորական քոլեջի պրոֆեսոր Մոնա Բաֆադելը:

Հետազոտությունը, որն ընդգրկել է 158 մարդ, խնամյալներին հետևել է երեք ամիս անց՝ սրացումը բուժելուց հետո:

The Lancet Respiratory Medicine հանդեսում հրապարակված արդյունքները ցույց են տվել, որ բուժման ձախողման մակարդակը կազմում է 74% ստերոիդներով և 45% նոր թերապիայի դեպքում:

Մարդիկ, ովքեր ստացել են նոր թերապիա, ավելի հազվադեպ են հոսպիտալացվել, կրկնակի բուժում պահանջել կամ մահացել:

Կամավորները նաև հայտնել են ախտանիշների և կյանքի որակի բարելավում նոր դեղամիջոցն ընդունելիս:

«Սա հեղափոխական քայլ է, մենք արդեն 50 տարի բուժումը չէինք փոխել. դա կփոխի մարդկանց բուժման մոտեցումը, երբ նրանք շատ վատառողջ են»,-ասում է պրոֆեսոր Բաֆադելը:

Բենրալիզումաբը համատարած օգտագործման համար դեռ պատրաստ չէ:

Դեղամիջոցի օգուտների մեջ համոզվելու համար ավելի մասշտաբային ուսումնասիրություն է անհրաժեշտ: Այն պետք է սկսվի 2025 թվականին և կտևի երկու տարի։

Նոր հետազոտությունը պետք է գնահատի նաև տնտեսական արդյունավետությունը, քանի որ մոնոկլոնալ հակամարմինները, ինչպես նոր դեղը, բավականին թանկ դեղամիջոցներ են:

Օքսֆորդի համալսարանի բժիշկ Սանջայ Ռամակրիշնանը, սակայն, ասում է, որ մինչ այժմ կատարված աշխատանքի արդյունքը «վկայում է խոստումնալից հեռանկարների մասին», և որ թոքային խրոնիկական օբստրուկտիվ հիվանդության բուժումը «լռվել-մնացել է 20-րդ դարում», չնայած այն հանգամանքին, որ աշխարհում մահվան հիմնական պատճառներից մեկն է:

Տասնամյակներ շարունակ ասթմայի նոպաները բուժվել են ստերոիդներով՝ նվազեցնելով թոքերի բորբոքումն ու այտուցը:

Բայց դրանք միշտ չէ, որ օգնում են, ուստի հիվանդները ստիպված են լինում դեղերի կրկնակի կուրսեր անցնել, սակայն դա հղի է կրկնակի հոսպիտալացումներով, իսկ երբեմն էլ՝ մահով:

Ստերոիդների կանոնավոր օգտագործումը մեծացնում է նաև շաքարախտի և օստեոպորոզի վտանգը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում