Թոքի քաղցկեղի սկրինինգն ու ճշգրիտ ախտորոշումը. քննարկում են ուռուցքաբաններն ու ախտաբանները

11 դեկտեմբերի, 2024  19:38

Ինչ որ մեկի համար «թոքի քաղցկեղ»-ը պարզապես խոսքեր են, բայց ովքեր բախվել են այս ախտորոշմանն անձամբ կամ հարազատների միջոցով, այդ խոսքերը փոխել են նրանց ամբողջ կյանքը: Բժիշկներով ու գիտնականներով լեցուն այս սրահում, քննարկվում էր ոչ թե պարզապես հիվանդությունը, այլ փրկության յուրաքանչյուր նոր հնարավորությունն, ու հույսի յուրաքանչյուր նշույլը՝ նրանց համար, ովքեր պայքարում են: Կոնֆերանսը Հայկական թորակալ եւ Կլինիկական ախտաբանների ու բջջաբանների ասոցիացիաների համատեղ նախաձեռնությունն էր՝ նվիրված թոքի քաղցկեղի ախտորոշման հարցերում համագործակցության բարելավմանը։

«Գնալով ավելանում են հնարավորությունները ախտորոշման, ավելանում են այն մեթոդները, որոնցով կարող ենք հետազոտել էլ ավելի թոքի քաղցկեղը և էլ ավելի խորությամբ գնահատել բուն խնդիրը և դրանով հանդերձ ճիշտ բուժման ճանապարհին կանգնել», – ասում է Հայկական թորակալ ասոցիացիայի նախագահ Հովհաննես Սարկավագյանը։

Հնարավո՞ր է, արդյոք, հաղթահարել թոքի քաղցկեղը: Ժամանակակից բժշկությունը պնդում է, որ հնարավոր է: Կոնֆերանսի մասնակիցները քննարկում են ոլորտի վերջին հետազոտություններն ու մոտեցումները, որոնք կարող են փոխել խաղի կանոնները: Զեկույցները ակտիվ քննարկման հնարավորություն են ստեղծում։ Մասնագետները հարց ու պատասխանի միջոցով փորձում են բացահայտել վիրաբույժների ու ախտաբանների համագործակցության բացերը, գտնել դրանց լուծումները։

«Նմանատիպ հանդիպումները, ինչպես նաև այսօրվա հանդիպումը, շատ կարևոր են։ Ի՞նչ առումով, որովհետև կարևոր հարթակ են հանդիսանում ամփոփելու և ևս մեկ անգամ պատկերացնելու և կիսվելու այն նորություններով, որոնք աշխարհում անընդհատ դինամիկ զարգանում են», – ասում է Կլինիկական ախտաբանների և բջջաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Արմեն Մխիթարյանը։

Վիրաբույժը հեռացնում է քաղցկեղը, կլինիկական ախտաբանն այն ուսումնասիրում է մոլեկուլյար մակարդակում։ Ճիշտ ախտորոշումն ու դրանից բխող արդյունավետ բուժումը մեծապես կախված է նաև նրանից, թե որքանով են կլինիկական մասնագետները ճիշտ նախապատրաստել քացկեղի նմուշները բջջաբանական ուսումնասիրության համար։

«Ճիշտ ախտորոշումը լավ բուժում է, իսկ լավ բուժումը առողջացում է և վերականգնում է, հետևաբար ճիշտ ախտորոշումը պացիենտների վերականգնման և առողջացման ամենակարևոր գրավականն է», – ասում է  Արմեն Մխիթարյանը։

«Առաջին հերթին մենք պետք է լուծենք սկրինինգի հարցը, այսինքն, վաղաժամ հայտնաբերման հարցը, որը ցավոք սրտի դեռ չենք կարողանում։ Որքան վաղ է հայտնաբերվում,  այնքան արդյունավետ է հետագա բուժումը։ Եվ իհարկե, երբ արդեն ունենք թոքի քաղցկեղով հիվանդ, օպտիմալ մոտեցում, բուժական, որի համար անհրաժեշտ է ախտորոշում, համագործակցություն կլինիցիստների ու ախտաբանների միջև, քիմիաթերապևտների միջև, օնկոլոգների միջև, որի շնորհիվ արդեն ունենք թոքի քաղցկեղի բուժման արդյունքների բարելավում», – ասում է Հովհաննես Սարկավագյանը։          

Երբ գիտությունը առաջ գնացող քայլեր է անում, հույսը միշտ մեկ քայլ առաջ է ընկնում: Թոքի քաղցկեղը, սակայն, շարունակում է մնալ համաշխարհային առողջապահության ամենալուրջ խնդիրներից մեկը: Այն հիվանդացության ու մահացության ցուցանիշով առաջատար է նաև Հայաստանում։ Հիվանդության սկզբնական փուլերը հիմնականում առանց կլինիկական ախտանշանների են ընթանում, անհնարին դարձնելով վաղ փուլում դրա բացահայտումն ու արդյունավետ բուժումը: Մասնագետները նշում են՝ ախտորոշման բարելավումը, ներառյալ ռիսկային խմբերում սկրինինգը՝ հիվանդության վաղ հայտնաբերման համար ցածր չափաբաժնով համակարգչային տոմոգրաֆիայի կիրառումը, թոքի քաղցկեղից մահացության ցուցանիշը կրճատելու դեռևս միակ միջոցն են։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում