Ինչո՞ւ են տղամարդիկ սննդի փոխարեն սեքս ընտրում

23 հոկտեմբերի, 2014  19:42

Յուրաքանչյուր կենդանական տեսակ գոյատեւելու համար սննդի եւ սեքսի կարիք է զգում: Սակայն, ինչպես Ռոչեստերի համալսարանի (ԱՄՆ) առաջնակարգ մասնագետներն են պարզել, արուների համար սեքսը սննդից բարձր կարեւորություն ունի:

Գիտնականների նախաձեռնությամբ իրականացված փորձարկման շրջանակում Caenorhabditis elegans տեսակը ներկայացնող կլոր որդերին կոնկրետ որոշում կայացնելու՝ զուգընկերուհու կամ սննդի որոնումներով զբաղվելու հնարավորություն է ընձեռնվել, ինչի արդյունքում պարզվել է, որ արուները նախ եւ առաջ տեսակը շարունակելու ինստինկտին են հետեւում: Պայմանական «էգերը» (իրականում՝ հերմաֆրոդիտներ) տրամագծորեն հակառակ վարքն են դրսեւորել՝ նախ եւ առաջ սննդի որոնումներ իրականացնելով:

Փորձարկման հեղինակների համոզմամբ, արձանագրված արդյունքներն այն մասին են վկայում, որ տղամարդկանց պարագայում սեռական հարաբերությունները գերակայություն ունեն՝ ինքնապահպանման ինստինկտի եւ սնվելու անհրաժեշտության նկատմամբ, որի պատճառը, գիտնականների ենթադրությամբ, արուների նախածրագրավորվածության մեջ է կայանում:

Բացի այդ, գիտնականները պարզել են, որ արուներն, ըստ ամենայնի, առավել դժվարությամբ են սննդի հոտն առնում: Հետազոտությամբ ապացուցվել է, որ պայմանական «էգերի» մոտ, ի համեմատություն իսկական արուների, առավել մեծ չափերի՝ սննդի ընկալման համար պատասխանատու ռեցեպտորներ են նկատվում: Իսկ երբ գիտնականները փորձել են, գենետիկ փոփոխությունների ազդեցությամբ, ավելի մեծ քանակությամբ ռեցեպտորերի առաջացում հրահրել արուների մոտ, Պետրիի ամանին հանձնված պատկերն ամբողջովին փոխվել է. ի տարբերություն «նորմալ» արուների, որոնք նախկինի նման, նույնիսկ կյանքի գնով, դեպի էգերն են ձգտել, մոդիֆիկացված՝ առավել զգայուն որձ արուները նախ եւ առաջ փորձել են սննդի հարցը լուծել: 

Հետազոտության արդյունքները «Current Biology» գիտական ամսագրում են հրապարակվել:

Հատկանշական է այն, որ, որոշ հարցախույցների արդյունքների համաձայն, տղամարդիկ ֆուտբոլին սեքսից առավել կարեւորություն են տալիս: Նրանց 40 տոկոսը նախընտրում է, ինտիմ հարաբերությունների փոխարեն, ֆուտբոլային խաղ դիտել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում