Կնոջ կատարակտայի վիրահատության ժամանակ բժիշկները Մեծ Բրիտանիայում անսպասելի եւ վախեցնող բացահայտում են կատարել, որը հիշեցնում է այն վտանգների մասին, որոնք կապված են առանց պատշաճ վերահսկողության կոնտակտային ոսպնյակների երկարատեւ օգտագործման հետ։ Կնոջ մի աչքը լիքն է եղել կոնտակտային ոսպնյակներով, որոնցից 27-ը նրանք հանել են ավելի շուտ, քան դրանք կհասցնեին վնասել նրա տեսողությունը, գրել է Live Science-ը։
Երբ բժիշկները անզգայացում իրականացրին, 67-ամյա պացիենտի մոտ, որը պատրաստվում էր վիրահատվել, կոպի տակ մեծ կապտավուն գոյացություն հայտնաբերվեց: Հետագա ստուգումը ցույց է տվել, որ այդ գոյացությունը 17 մեկանգամյա օգտագործման կոնտակտային ոսպնյակների հավաքածու է: Բժիշկների զեկույցում, որը հրապարակվել է BMJ ամսագրում, մանրադիտակային հետազոտությունը հայտնաբերել է եւս 10 ոսպնյակ, որի արդյունքում աջ աչքում 27 ոսպնյակ է հայտնվել։
Բժիշկները այս ոսպնյակները սահմանել են «պահված օտար մարմիններ», որոնք վարակելու լուրջ վտանգ են ներկայացնում, հայտնում է «Ֆոկուսը»։ Դրանց հեռացումից հետո վիրահատությունը հետաձգվել է երկու շաբաթով, որպեսզի աչքը վերականգնվի ու նվազեցնի բակտերիաների կուտակման պատճառով հնարավոր բարդությունները։ Պացիենտը, որը երկար ժամանակ օգտագործել է ամսական մեկանգամյա օգտագործման ոսպնյակներ, դրանք կրել է 35 տարի, սակայն հազվադեպ է այցելել ակնաբույժի։ Չնայած այս ոսպնյակները նախատեսված են գիշերային օգտագործման համար, սակայն դրանց ոչ ճիշտ օգտագործումը, ինչպես այս դեպքում, կարող է հանգեցնել բարդությունների։
Բժիշկները, որոնք հրապարակել են այս դեպքը, ենթադրել են, որ նրա խոր ընկած աչքերը կարող են նպաստել այդքան մեծ քանակությամբ ոսպնյակների պահպանմանը՝ առանց տեսողական փոփոխությունների։ Այս իրավիճակն ընդգծում է պլանային ակնային զննումների եւ ոսպնյակների հետ ճիշտ վարվելու կարեւորությունը, հիշեցրել են նրանք։ Մասնագետները նաեւ խորհուրդ են տալիս բժիշկներին կատարել համալիր ստուգումներ, ներառյալ պացիենտի կոպերը շրջելը եւ թաքնված ոսպնյակները հայտնաբերելու համար ֆլուորեսցենտային ներկեր օգտագործելը:
Այս անսովոր դեպքը հիանալի պատրվակ է ուշադրություն դարձնելու ավելի լայն ռիսկերին, որոնք կապված են կոնտակտային ոսպնյակների ոչ պատշաճ օգտագործման հետ: ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի ուսումնասիրությունների համաձայն՝ միայն ԱՄՆ-ում մոտ 45 մլն մարդ կրում է կոնտակտային ոսպնյակներ։ Դրանց ոչ պատշաճ օգտագործումը, ներառյալ ոսպնյակներով քնելը կամ դրանք կրելու սահմանված ժամկետը գերազանցելը, կապված է այնպիսի հիվանդությունների հետ, ինչպիսին է կերատիտը՝ պոտենցիալ վտանգավոր աչքի վարակ, որը կարող է դրա հեռացման պատճառ դառնալ:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում