Դարթմուտի քոլեջի բժշկական դպրոցի եւ այլ հաստատությունների ամերիկացի գիտնականները հայտնաբերել են, որ փոքր տարիքում ծխելը բարձրացնում է թոքերի քրոնիկական օբստրուկտիվ հիվանդության (ԹՔՕՀ) հավանականությունը մեծ տարիքում։ Հետազոտությունը հրապարակվել է ԹՔՕՀ հիմնադրամի գիտական ամսագրում (JCOPDF)։
ԹՔՕՀ-ը թոքերի բորբոքային հիվանդություն է, որը ներառում է քրոնիկական բրոնխիտը, էմֆիզեման եւ այլ խնդիրներ։ Հիվանդությունը կարող է պայմանավորված լինել գենետիկայով եւ արտաքին գրգռիչներով, ինչպիսին է օդի աղտոտվածությունը։
Նոր հետազոտությունում հեղինակներն ընդլայնել են նախկին գիտելիքները եւ ուսումնասիրել, թե արդյոք մինչեւ 15 տարեկանում ծխելը մեծացնում է ԹՔՕՀ զարգացման հավանականությունը հետագայում, ներառյալ պասիվ ծխելու ազդեցությունը:
Տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ մանկության տարիներին ծխելը մեծացնում է ԹՔՕՀ առաջացման հավանականությունը՝ անկախ ծխելու ներկա կարգավիճակից, ծխելու տեւողությունից եւ երկրորդային ծուը շնչելուց:
Գիտնականների խոսքով՝ մանկության եւ վաղ պատանեկության ընթացքում թոքերը անցնում են զարգացման կրիտիկական փուլեր։ Այս կարեւոր ժամանակահատվածում ծխախոտի ծխի ազդեցությունը հանգեցնում է վնասումների:
Զեկույցի հեղինակները նշել են, որ իրենց բացահայտումները վկայում են երեխաների եւ դեռահասների շրջանում ծխելու դեմ պայքարի ուժեղացման անհրաժեշտության մասին։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում