Journal of Translational Medicine ամսագրում հրապարակված հետազոտության համաձայն, էպիլեպսիան կապված է ուղեղի վատ վիճակի հետ և մշտական վնասակար ազդեցություն ունի ճանաչողական և շարժողական գործառույթների, ինչպես նաև հոգեկան առողջության վրա:
Չինաստանի Ցինդաոյի համալսարանին կից քաղաքային հիվանդանոցի հետազոտող Դեն-Դեն Չժանը և նրա գործընկերները ուսումնասիրել են էպիլեպսիայի փոխկապակցվածությունը ուղեղի աշխատանքի, ուղեղի այլ ընդհանուր խանգարումների և դրանց հիմքում ընկած մեխանիզմների հետ՝ օգտագործելով Մեծ Բրիտանիայի բիոբանկի 426․527 մասնակիցների տվյալները, որոնցից 3․251-ի մոտ ի սկզբանե էպիլեպսիա էր ախտորոշված։
Գիտնականները պարզել են, որ էպիլեպսիան մշտական բացասական ազդեցություն ունի ճանաչողական և շարժողական գործառույթների, ինչպես նաև հոգեկան առողջության վրա։
Վերլուծության համաձայն, էպիլեպսիայով հիվանդների մոտ 17 տարվա հսկողության ընթացքում զգալիորեն աճել է նյարդաբանական հիվանդությունների և հոգեկան խանգարումների հավանականությունը: Բացահայտվել են գլխուղեղի մի քանի շրջաններ, որոնք կապված են էպիլեպսիայի հետ, ներառյալ գունատ թաղանթը, հիպոկամպը և նախակենտրոնական հատվածները: Հայտնաբերվել են անուղղակի ազդեցություններ ծայրամասային մարկերների և սպիտակուցների վրա (օրինակ՝ GGT, HDL, ACE2 և GDF15), ինչը ենթադրում է լյարդի ֆունկցիայի և լիպիդային փոխանակության մասնակցություն էպիլեպսիայով հիվանդների ուղեղի խանգարումների զարգացման մեջ:
«Մեր ուսումնասիրությունն ընդգծում է էպիլեպսիայի ախտորոշման և բուժման վաղ միջամտության կարևորությունը ուղեղի առողջության համար և նոր պատկերացումներ է տալիս էպիլեպսիայով հիվանդների գոյատևման որակը բարելավելու համար»,- գրել են գիտնականները:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում