Ասպիրինի ցածր չափաբաժնի ամենօրյա ընդունումը կարող է կանխել հաստ աղիի քաղցկեղի կրկնությունը. Journal of Clinical Oncology

30 հունվարի, 2025  00:48

Օրական ցածր չափաբաժիններով ասպիրին ընդունելը կարող է օգնել քաղցկեղի կրկնությունը կանխելուն հաստ աղիի քաղցկեղ ունեցող պացիենտների մեկ երրորդի մոտ, նշվել է նոր հետազոտությունում:

Օրական 160 միլիգրամ ասպիրին ընդունելը կրկնակի իջեցրել է քաղցկեղի կրկնության վտանգը հաստ աղիի քաղցկեղ ունեցող պացիենտների մոտ՝ PI3K գենի մուտացիայով պայմանավորված, հայտնել են գիտնականները 2025թ. Սան Ֆրանցիսկոյում Աղեստամոքսային քաղցկեղի կլինիկական ուռուցքաբանության ամերիկյան ընկերության սիմպոզիումում:

PI3K մուտացիաները տեղի են ունենում հաստ աղիի քաղցկեղի բոլոր դեպքերի մոտավորապես 30 տոկոսում, նշել են գիտնականները: Դրանք կարող են քաղցկեղը դարձնել ավելի ագրեսիվ եւ դժվար բուժելի:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Clinical Oncology ամսագրում:

«Ասպիրինն արդյունավետորեն իջեցնում է ռեցիդիվների մակարդակը եւ բարելավում հիվանդություններից զերծ մնալն այս պացիենտների ավելի քան մեկ երրորդի մոտ»,- ասել է Շվեդիայի Կարոլինյան ինստիտուտի վիրաբուժության պրոֆեսոր, առաջատար հետազոտող, դոկտոր Աննա Մարթլինգը:

Հետազոտությունը ներգրավել է ավելի քան 600 պացիենտ Շվեդիայից, Դանիայից, Ֆինլանդիայից եւ Նորվեգիայից հաստ աղիի կամ ուղիղ աղիի քաղցկեղի միջին եւ ուշ փուլով:

Հիվանդներին բաժանել են երկու խմբի՝ երեք տարվա ընթացքում ամեն օր ասպիրին կամ դատարկահաբ ընդունելու համար:

Գիտնականները պարզել են, որ այն պացիենտների մոտ, ովքեր ամեն օր ասպիրին են ընդունել, քաղցկեղի կրկնության ռիսկը դատարկահաբ ընդունածների համեմատ 51 տոկոսով ավելի ցածր է եղել, եթե նրանք ունեցել են PIK3CA մուտացիա: Ասպիրին ընդունող մարդկանց մոտ ռեցիդիվը կազմել է 7,7 տոկոս, դատարկահաբ ընդունողների մոտ՝ 14,1:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում