Մաքգիլի համալսարանի կանադացի գիտնականները պարզել են, որ երաժշտությունը կարող է արդյունավետորեն նվազեցնել ցավը, եթե դրա տեմպը համապատասխանի մարդու բնական ռիթմին: Հետազոտությունը հրապարակվել է Pain գիտական ամսագրում։
Երաժշտությունը վաղուց օգտագործվել է ցավը թեթեւացնելու համար, բայց մինչ այժմ քիչ բան էր հայտնի այն մասին, թե երաժշտության որ կողմերն են առավել մեծ ազդեցություն ունենում:
Յուրաքանչյուր մարդ ունի իր բնական ռիթմը, որը հայտնի է որպես արտադրության ինքնաբուխ արագություն (SPR): Այս ռիթմը կապված է ցիրկադային ռիթմերի հետ եւ կարող է ազդել այն բանի վրա, թե ինչպես ենք մենք ընկալում երաժշտությունը: Մասնագետները ենթադրել են, որ եթե երաժշտության տեմպը մոտ է մեր բնական ռիթմին, այն կարող է ուղեղը շեղել ցավի ազդանշաններից:
Հիպոթեզը ստուգելու համար գիտնականները փորձ են անցկացրել 60 հոգու մասնակցությամբ, որոնց թվում եղել են ինչպես երաժիշտներ, այնպես էլ երաժշտական փորձ չունեցող մարդիկ: Կամավորները լսել են մեղեդիներ, որոնց տեմպը կամ հարմարեցված էր բնական ռիթմին, կամ արագացել է, կամ դանդաղել 15 տոկոսով։ Լսելիս նրանք ենթարկվել են մեղմ ցավի գրգռիչների, ինչպիսին են ջերմային իմպուլսները նախաբազկի վրա, եւ գնահատել են իրենց ցավի մակարդակը:
Արդյունքները ցույց են տվել, որ ցանկացած տեմպերով երաժշտությունը նվազեցրել է ցավը լռության համեմատ: Սակայն ամենամեծ ազդեցությունը նկատվել է այն ժամանակ, երբ երաժշտության տեմպը համապատասխանել է մասնակցի բնական ռիթմին:
Գիտնականները նաեւ առաջարկել են, որ ռիթմի ընկալման հետ կապված նյարդային տատանումները սինքրոնացվեն երաժշտության հետ, ինչն օգնում է նվազեցնել ցավի համար պատասխանատու նյարդային շղթաների ակտիվությունը: Հետագայում գիտնականները նախատեսում են օգտագործել էլեկտրաէնցեֆալոգրաֆիա (ԷԷԳ)՝ ուսումնասիրելու համար, թե ինչպես է ուղեղն արձագանքում տարբեր տեմպերով երաժշտությանը եւ հաստատելու համար իրենց եզրահանգումները:
Այս բացահայտումը կարող է կարեւոր գործնական հետեւանքներ ունենալ։ Օրինակ՝ կարող են մշակվել տեխնոլոգիաներ, որոնք կհարմարեցնեն սիրված երաժշտական ստեղծագործությունների տեմպը հիվանդի անհատական ռիթմին՝ ցավը թեթեւացնելու համար։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում