Երուսաղեմի եբրայական համալսարանի նոր ուսումնասիրությունը պարզել է, թե ինչպես են ԴՆԹ-ի կառուցվածքը և քիմիական ձևափոխություններն ազդում ծխախոտի ծխից առաջացած վնասվածքների և դրանք վերականգնելու օրգանիզմի կարողության վրա: Այս բացահայտումն օգնում է բացատրել, թե ինչպես է ծխելը հանգեցնում թոքերի քաղցկեղի:
Ուսումնասիրությունը կենտրոնանում է բենզոպիրենի վրա՝ վնասակար քիմիական նյութի, որը պարունակվում է ծխախոտի ծխում:
Հետազոտության արդյունքները հրապարակվել են Oxford Academic ամսագրում։
Օրգանիզմի կողմից մշակվելիս այս քիմիական նյութը վերածվում է բենզոպիրենդիոլէպօքսիդի (BPDE), որը կարող է կապվել ԴՆԹ-ի հետ, խաթարել դրա բնականոն գործունեությունը և հանգեցնել բջիջների վնասման:
Օգտագործելով առաջադեմ գենոմային գործիքներ՝ գիտնականները պարզել են, որ.
Նշանակություն ունի ԴՆԹ-ի միջավայրը․ ԴՆԹ-ի որոշ հատվածներ, հատկապես նրանք, որոնք ավելի բաց և ակտիվ են, ավելի ենթակա են վնասվածքների, բայց նաև ավելի լավ են վերականգնվում բջիջների կողմից:
Տրանսկրիպցիոն գործոնները կարող են օգնել կամ վնասել. գեների ակտիվությունը կարգավորող սպիտակուցները երբեմն կարող են պաշտպանել ԴՆԹ-ն վնասվածքներից, բայց այլ դեպքերում այն ավելի խոցելի են դարձնում:
Կարևոր նշանակություն ունի արդյունավետ վերականգնումը. ԴՆԹ-ի այն հատվածները, որոնք ավելի լավ են վերականգնվում, որպես կանոն, ավելի քիչ մուտացիաներ են կուտակում, նույնիսկ եթե դրանք սկզբում ավելի ուժեղ են վնասվել:
Հետազոտությունը ընդգծում է, որ ԴՆԹ-ի վնասվածքները վերականգնելու օրգանիզմի կարողությունն ավելի կարևոր է, քան վնասվածքների քանակը, երբ խոսքը վերաբերում է մուտացիաների առաջացմանը:
Այս բացահայտումները նոր պատկերացումներ են տալիս այն մասին, թե ինչպես են առաջանում ծխելու հետ կապված մուտացիաները և կարող են օգնել քաղցկեղի կանխարգելման և բուժման հետագա ռազմավարությունների ստեղծմանը:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում