Չափավոր մարզումները հանգստի ժամանակ նվազեցնում են 2-րդ տեսակի դիաբետով հիվանդանալու հավանականությունը. AJMP

19 փետրվարի, 2025  14:06

Կոպենհագենի համալսարանի դանիացի գիտնականները պարզել են, որ հանգստի ժամանակ չափավոր եւ ինտենսիվ ֆիզիկական ակտիվությունը զգալիորեն նվազեցնում է 2-րդ տեսակի դիաբետի առաջացման հավանականությունը։ Սակայն ֆիզիկական ակտիվությունն աշխատանքի ժամանակ չի տալիս նույն պաշտպանական ազդեցությունը: Հետազոտությունը հրապարակվել է American Journal of Preventive Medicine (AJMP) ամսագրում:

Թիմն ուսումնասիրել է 30-60 տարեկան 5 866 աշխատող մեծահասակների տվյալները: Մասնակիցներն ավարտել են բժշկական հետազոտությունները եւ պատասխանել 1996թ. մինչեւ 2020թ. ընկած ժամանակահատվածում աշխատանքի եւ հանգստի ժամանակ իրենց ֆիզիկական ակտիվության վերաբերյալ հարցերին:

Եզրակացությունները ցույց են տվել, որ սպորտը, քայլելը եւ հանգստի ժամանակ իրականացրած այլ ֆիզիկական ակտիվությունը նվազեցնում են 2-րդ տեսակի դիաբետի հավանականությունը: Ազատ ժամանակ նստակյաց կենսակերպը՝ զուգորդված ֆիզիկական աշխատանքի հետ, մեծացնում է հիվանդությունների առաջացման վտանգը։ Բացի այդ, նույնիսկ աշխատավայրում զգալի ֆիզիկական ակտիվությունը չի պաշտպանում դիաբետից։

Գիտնականներն ընդգծել են, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկա առաջարկները հաշվի չեն առնում աշխատանքի եւ հանգստի ժամանակ ֆիզիկական ակտիվության տարբերությունները։ Սա կարող է մոլորեցնող լինել՝ տպավորություն ստեղծելով, որ ցանկացած տեսակի գործունեություն հավասարապես օգտակար է:

Գիտնականները կոչ են անում վերանայել ֆիզիկական ակտիվության վերաբերյալ առաջարկները՝ ընդգծելով ազատ ժամանակի կարեւորությունը դիաբետի եւ այլ հիվանդությունների կանխարգելման գործում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում