Մարտի 3-ը լսողության պահպանման համաշխարհային օրն է: Յուրաքանչյուր մարդ պետք է ձեռնարկի քայլեր պահպանելու իր և շրջապատի լսողությունը: Տարվա կարգախոսն է` «Փոխիր կարծրատիպերը, դարձրու ականջների և լսողության առողջությունն ու խնամքը առաջնահերթություն»:
ՀՀ առողջապահության նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ օրվա խորհուրդն է բարձրացնել իրազեկվածությունը լսողության խնամքի կարևորության մասին՝ փոխելով վարքագիծը.
պաշտպանել լսողությունը բարձր աղմուկից, կանխել լսողության կորուստը, պարբերաբար ստուգել լսողությունը, օգտագործել լսողական սարքեր, եթե անհրաժեշտ է, աջակցել լսողության խնդիրներ ունեցող անձանց։Աշխարհում յուրաքանչյուր 1000 նորածնից 1-ը ծնվում է խլությամբ, իսկ 2-ի մոտ լսողության կորուստը զարգանում է կյանքի առաջին երկու տարում։
Լսողության կորուստ ունեցող երեխային ժամանակին ցուցաբերված բժշկական օգնությունը կարևոր գործոն է նրա մտավոր, հոգեհուզական և խոսքի զարգացման առումով:
Հայաստանում պետական պատվերի շրջանակներում իրականացվում է լսողության նորածնային սքրինինգ, որն ուղղված է լսողության խանգարման կասկած ունեցող երեխաների վաղ հայտնաբերմանը:
IV աստիճանի ծանրալսության և խլության դեպքում լսողության վերականգնման արդյունավետ միջոցը կոխլեար փոխպատվաստումն է, որը վիրահատական միջամտությունից բացի նաև հետվիրահատական երկարատև և աշխատատար վերականգնողական միջոցառում է պահանջում:
Առողջապահության նախարարությունը ստանձնել է պարտավորություն և փոխհատուցում է վիրահատության և հետվիրահատական 1 տարվա ընթացքի արժեքը: 2020 թվականից մինչև 2024 թվականը պետական պատվերի շրջանակներում կատարվել է 106 երեխայի կոխլեար փոխպատվաստման վիրահատություն:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում