Հայաստանում աճել է նյարդահոգեբանական դժվարություններ ունեցող երեխաների թիվը. ադապտիվ ֆիզկուլտուրայի մասնագետ

5 մարտի, 2025  21:00

Վերջին տարիներին Հայաստանում ակտիվորեն զարգանում է ադապտիվ ֆիզկուլտուրայի և վերականգնողական ծառայությունների ոլորտը, ինչը պայմանավորված է Հայաստանում նյարդահոգեբանական դժվարություններ ունեցող երեխաների թվի աճով: Այս մասին NEWS.am-ի գիտահանրամատչելի «Բա իմացա՞ր» ալիքի Expert հաղորդման շրջանակներում ասաց Հայաստանի ադապտիվ ֆիզիկական կուլտուրայի և բուժական ֆիզկուլտուրայի մարզաառողջարանական ասոցիացիայի հիմնադիր, «Օգնենք ծնողներին» նախաձեռնության հեղինակ Սահակ Խաչատրյանը:

«Ինչպես աշխարհի շատ երկրներում, Հայաստանում նույնպես երեխաները շատ ավելի վաղ են առնչվում նոր տենոլոգիաներին (գաջեթներ, մուլտֆիլմեր) և հաճախ պատրաստ չեն ընդունելու այդ մարտահրավերները: Այս ամենը լուրջ ազդեցություն է ունենում երեխայի նյարդահոգեբանական համակարգի վրա»,-ասաց նա:

Խաչատրյանը նշեց, որ ադապտիվ ֆիզիկական կուլտուրայի մասնագետներին դիմում են տարբեր վարքային և հոգեբանական խնդիրների դեպքում, այդ թվում՝ հոգեխոսքային զարգացման հապաղման, խոսքի զարգացման հապաղման, աուտիստիկ սպեկտրի խանգարման, դաունի համախտանիշի և այլ խնդիրների դեպքում:

Հայաստանի ադապտիվ և բուժական ֆիզկուլտուրայի մասնագետները, հաշվի առնելով առկա մարտահրավերները, հիմնվելով միջազգային և հայաստանյան պրակտիկ փորձի վրա, մշակել են մեթոդ, որն  օգնում է շտկել շարժողական, հոգեխոսքային զարգացման և այլ առանձնահատկություններ ունեցող երեխաների վարքը:

Մեթոդը, որը կոչվում է «Փոքր քայլերի արվեստ», այսօր արդյունավետորեն կիրառվում է Երևանում գործող մի շարք կենտրոններում:

Հայաստանի ադապտիվ և բուժական ֆիզկուլտուրայի մասնագետները վերջերս հիմնել են նաև գիտահետազոտական կենտրոն, որի նպատակն է մշակել և ներդնել երեխաների առողջ զարգացման համար գիտականորեն հիմնավորված նոր մեթոդներ, որոնց հիման վրա կձևավորվեն շտկողական և այլ վարժությունների նոր տեսակներ:

Ադապտիվ կամ շտկողական ֆիզիկական կուլտուրայի նշանակության, երեխաների վարքային առանձնահատկությունների, երեխայի ֆիզիկական կարողությունները զարգացնող հատուկ վարժությունների կիրառման և այլ հարցերի շուրջ Սահակ Խաչատրյանի հետ հարցարույցն ամբողջությամբ դիտեք տեսանյութում:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում