Հայաստանի առողջապահության նախարարությունը 2014 թվականը հռչակել է առողջ ապրելակերպի տարի։ Այս մասին դեկտեմբերի 26-ին լրգարողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԱՆ աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը։
Ըստ նրա, այս ծրագիրը իրականցվելու է մի քանի ուղղություններով։ Մասնավորապես, հաջորդ տարի իրականացվելու է մի մեծ բլոկ՝ առողջ սնուցումանը նվիրված, որի շրջանակներում կա երկու օրենսդրական նախաձեռնություն. «Երեխայի կրծքով սնուցման խրախուսման եւ մանկական սննդի եւ հարակից ապրանքների շրջանառության մասին» օրենքը, որը կանոնակարգում է կրծքով սնուցումը որպես երեխայի համար այլընտրանք չունեցող սնուցման ձեւ։ Երկրորդ նախաձեռնությունը՝ ցորենի ալյուրի հարստացման վերաբերյալ օրինագիծն է։ «Հանրային առողջապահության ոլորտում կատարված հետազոտությունները վկայում են, որ մի շարք միկրոտարրեր եւ էլեմենտներ բացակայում են մեր սննդից, ինչի արդյունքում զարգանում են մի շարք հիվանդություններ։ Ցորենի ալյուրը կհարստացվի միկրոտարրերով եւ վիտամիններով, մասնավորապես ցինկով եւ ֆոլաթթվով, ինչի արդյունքում կանխատեսվում է մի շարք հիվանդությունների ցուցանիշների կտրուկ նվազում», - ասաց նա, եւ որպես դրական փորձ այս ուղղությամբ մատնանշեց տարիներ առաջ սկսված աղի յոդացման ծրագիրը, որը նա գնահատեց որպես հաջողված։
Ծրագրի մեկ այլ ուղղությունն է, ըստ Ս. Քրմոյանի, վարքագծով պայմանավորված հիվանդությունների կանխարգելումը։ «Հասարակությունը ունի մի շարք խնդիրներ, որոնք կապված են հենց մարդու վարքագծի հետ՝ ծխախոտամոլություն, ալկոհոլի չափից շատ օգտագործում, ակտիվության պակաս, սննդի հետ կապված խնդիրներ եւ այլն։ Մենք ունենք նախագծեր ծխախոտի ոլորտում, նախատեսում ենք ամբողջությամբ արգելել ծխախոտի գովազդը», - ասաց նա, հավելելով, որ հաջորդ տարի կուժեղացվի նաեւ հսկողությունը գործող օրենքի դրույթների կիրառման վերաբերյալ։ Ըստ նրա, ալկոհոլի օգտագործումը եւս պետք է վերահսկվի։
«Այս խնդիրը, առողջ ապրելակերպի խնդիրը ոչ միայն առողջապահության նախարարության, այլ ամբողջ մեր հասարակության եւ տարբեր գերատեսչությունների խնդիրն է», - նշեց նա, հավելելով, որ գործընկերների հետ միասին նախատեսում են մարդկանց ֆիզիկական ակտիվության խթանմանը միտված ծրագրեր մշակել։
«Մարդկանց առողջությունը անմիջականորեն անդրադառնում է բոլոր ոլորտների վրա, այդ թվում՝ երկրի տնտեսության», - ասաց նա, մեջբերելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական գրասենյակի տնօրենի խոսքը, որն ասել էր, թե տարիներ շարունակ կարծիք էր իշխում, թե առողջապահության ոլորտը ծախսատար սոցիալական ոլորտ է, բայց հետագայում նոր գաղափար առաջ քաշվեց, որ առողջապահության ոլորտում կատարված ցանկացած ծախս ներդրում է երկրի տնտեսության մեջ։
Ս. Քրմոյանը նաեւ նշեց, որ առողջ ապրելակերպի ծրագրի իրականացման գործում Հայաստանին աջակցում են մի շարք տեղական եւ միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը, World Vision հայաստանյան գրասենյակը, ԱՄՆ ՄԶԳ եւ այլն։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում