Ցողունային բջիջներով բուժումն օգնել է բարելավել ողնուղեղի վնասվածք ունեցող չորս պացիենտներից երկուսի շարժողական ֆունկցիաները իրենց տեսակի մեջ առաջին կլինիկական փորձարկումների ժամանակ, հայտնել են ճապոնացի գիտնականները, հաղորդել է AFP-ը:
Ներկայում ողնուղեղի ծանր վնասվածքներից առաջացած կաթվածի արդյունավետ բուժում չկա, դրանով միայն Ճապոնիայում տառապում է ավելի քան 150 000 պացիենտ, ամեն տարի գրանցվում է 5 000 նոր դեպք:
Տոկիոյի Կեյո համալսարանի գիտնականներն իրենց հետազոտությունն իրականացրել են՝ օգտագործելով ինդուկտիվ պլյուրիպոտենցիալ ցողունային բջիջներ (iPS), որոնք ստեղծված են հասուն, արդեն մասնագիտացված բջիջները խթանելով, որոնք վերադառնում են յուվենալ վիճակին:
Համալսարանի հետազոտողները օգտագործում են iPS-ից ստացված նյարդային ցողունային բջիջները:
Համալսարանը ուրբաթ հայտնել է, որ երկու պացիենտի մոտ նկատվել է շարժողական ֆունկցիաների բարելավում այն բանից հետո, երբ փոխպատվաստվել են ավելի քան երկու միլիոն iPS-ից ստացված բջիջներ ողնուղեղում:
Մեկ տարի հետո բոլոր չորս պացիենտների մոտ լուրջ աննպաստ դեպքեր չեն նկատվել, նշել են համալսարանում:
Հետազոտության հիմնական նպատակն էր բջիջների ներդրման անվտանգությունը վերահսկելը:
Հանրային NHK հեռուստաընկերությունը հայտնել է, որ երկու պացիենտներից մեկը վթարի հետեւանքով վիրավորված տարեց տղամարդ էր:
NHK-ի տեղեկացմամբ՝ նա այժմ կարող է կանգնել առանց աջակցության եւ սկսել է քայլել։
«Մենք կարողացանք արդյունքների հասնել աշխարհում առաջին անգամ ողնուղեղի բուժման ժամանակ՝ օգտագործելով iPS»,- ասել է պրոֆեսոր Հիդեյուկի Օկանոն, որը ղեկավարել է հետազոտությունը:
Օկանոն պատմել է, որ թիմը հույս ունի անցնել կլինիկական փորձարկումների, ինչը քայլ կլինի պացիենտների համար բուժումը ներդնելու ուղղությամբ:
Համալսարանը ստացել է կառավարության հավանությունը նախնական ուսումնասիրությունն իրականացնելու համար 2019թ., իսկ առաջին գործողությունն իրականացվել է 2022թ.։
Գիտնականների թիմը կենտրոնացել է այն մարդկանց վրա, որոնք վնասվածքներ են ստացել վիրահատությունից 14-28 օր առաջ:
Փոխպատվաստված բջիջների քանակը որոշվել է կենդանիների վրա իրականացված անվտանգության փորձերից հետո:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում