Մազերը հաճախակի լվանալը ոչ միայն չի վնասում գլխի մաշկին, այլեւ օգնում է պահպանել մազի ֆոլիկուլների ամբողջականությունը։ Այս մասին Daily Mail պարբերականին պատմել է Նյու Յորքից տրիխոլոգ Անաբել Քինգսլին։
Բժշկի խոսքով՝ մշտական լվացումն անհրաժեշտ է ինչպես մարմնի, այնպես էլ գլխի մաշկին։ Ի հեճուկս տարածված մոլորության՝ մազի առանցքները եւ գանգամաշկը չեն կարող «ինքնամաքրվել»։ Մազերի հազվադեպ լվացումը նպաստում է մեծ քանակությամբ մաշկաճարպի եւ մահացած բջիջների կուտակմանը, որոնք կարող են դառնալ մաշկի քորի եւ մազաթափության պատճառ։
Դոկտոր Քինգսլին նշել է, որ գլուխը պետք է լվանալ գոնե երեք օրը մեկ, իսկ անհրաժեշտության դեպքում՝ ամեն օր։ Մազերը մաքուր պահելը ոչ միայն բարելավում է սանրվածքի արտաքին տեսքը, այլեւ թույլ է տալիս պահպանել մազերի ֆոլիկուլների ամբողջությունը։
Տրիխոլոգը նաեւ խորհուրդ է տվել թաց մազերը լվանալուց հետո երկար ժամանակ փաթաթված չպահել սրբիչով։ Թաց բամբակե սրբիչի ծանրությունը կարող է լրացուցիչ բեռնվածություն ստեղծել մազարմատների եւ գլխի մաշկի վրա։ Դրանից խուսափելու համար դոկտոր Քինգսլին խորհուրդ է տվել ուշադրություն դարձնել միկրոֆիբրայից թեթեւ սրբիչներին։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում