Ոգելից խմիչքները, տապակած սնունդը, կոֆեինը, զտված ածխաջրերն ու շաքարով և աղով հարուստ մթերքները կարող են խթանել սթրեսի հորմոնների, մասնավորապես՝ կորտիզոլի արտադրությունը: Դրա մասին WellnessPulse բժշկագիտական հանդեսին պատմել է ամերիկացի սննդաբան Շելլի Բոլսը։
Բազմաթիվ հետազոտություններ ցույց են տվել, որ սննդակարգն ու սթրեսը կարող են անմիջականորեն ազդել միմյանց վրա։ Ըստ սննդաբան Բոլսի՝ օրաբաժնում մեծ քանակությամբ թխվածքներ, հաց, վերամշակված քաղցրավենիք ու շաքարավազ պարունակող ըմպելիք օգտագործելը կարող է արյան մեջ գլյուկոզայի մակարդակի աճ հրահրել: Գիտնականներից ոմանց կարծիքով՝արյան շաքարի մակարդակի տատանումները հանգեցնում են տրամադրության բացասական փոփոխությունների՝ զայրույթի, տագնապի և դյուրագրգռության:
Նախնական բարձրացումից հետո գլյուկոզայի մակարդակի զգալի անկումը նույնպես հաճախ հանգեցնում է էներգիայի կորստի: Սա նվազեցնում է աշխատունակությունը և դժվարացնում առօրյա առաջադրանքների (օրինակ՝ մասնագիտական պարտավորությունների) կատարումը, ինչն իր հերթին խորացնում է անհանգստությունն ու սթրեսը:
Բժիշկը հիշեցնում է, որ արյան մեջ շաքարի մակարդակի տատանումներ առաջացնող մթերքներն ընդունակ են միաժամանակ օրգանիզմում բորբոքումների հանգեցնել։ Երկու ռեակցիաները կարող են հանգեցնել սթրեսի հորմոնների, մասնավորապես՝ կորտիզոլի արտադրությանը: Օրգանիզմում բորբոքումների և արյան մեջ շաքարի մակարդակի աճի ամենաակնառու պատճառների են զտված ածխաջրերը (սպիտակ հացը, մակարոնեղենը, ալյուրը) և ոգելից խմիչքները:
Օրգանզիմի ընդհանուր բորբոքումը կարող է սաստկանալ նաև աղի, տապակած ուտեստների և կոֆեինի չարաշահման միջոցով: Եվ ընդհակառակը, հավի և կաթնաշոռի մեջ պարունակող անճարպ սպիտակուցը, ընկույզում և ձկան մեջ առկա առողջ ճարպերը, ինչպես նաև մանրաթելերով հարուստ բանջարեղենն ու մրգերն օժտված են հակաբորբոքային ազդեցությամբ։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում