Վերջին տարիների հետազոտությունները ցույց են տվել տագնապալի կապ որոշակի սննդամթերքների եւ մարդու կոգնիտիվ ֆունկցիայի միջեւ: Npj Metabolic Health and Disease գիտական ամսագիրը հրապարակել է Հելսինկիի համալսարանի ֆինլանդացի գիտնականների հետազոտության արդյունքները, որոնք հաստատում են գերմշակված մթերքների բացասական ազդեցությունը ոչ միայն քաշի եւ նյութափոխանակության, այլեւ ուղեղի կառուցվածքի վրա։
Ֆինլանդացի փորձագետները պարզել են, որ խիստ վերամշակված արդյունաբերական արտադրանքի չափից ավելի օգտագործումն ուղեկցվում է նյութափոխանակության խանգարումներով եւ համակարգային բորբոքային պրոցեսներով։ Հատկապես անհանգստացնողն այն է, որ բորբոքումն ազդում է ուղեղի այն հատվածների վրա, որոնք վերահսկում են ուտելու վարքը՝ ստեղծելով անառողջ սննդից կախվածության արատավոր շրջան:
Միաժամանակ, Օհայոյի համալսարանի մասնագետները պարզել են, որ յուղոտ սնունդը կարող է բացասաբար ազդել կոգնիտիվ ֆունկցիաների վրա եւ հրահրել ուղեղի բորբոքային պրոցեսներ։ Այս ազդեցությունը նկատվում է նույնիսկ քրոնիկական նյութափոխանակության խանգարումների բացակայության դեպքում, ինչպիսին է ճարպակալումը կամ դիաբետը:
Փորձի շրջանակում ամերիկացի գիտնականները դիտարկել են երիտասարդ եւ տարեց առնետների, որոնք երեք օր կամ երեք ամիս սնվել են ճարպերի բարձր պարունակությամբ սննդակարգով: Արդյունքները ցույց են տվել, որ անգամ սննդի նման կարճաժամկետ օգտագործումը տարեց մարդկանց մոտ կոգնիտիվ խանգարումներ է առաջացրել:
Տարեց առնետների մոտ փորձի սկսվելուց ընդամենը երեք օր անց ի հայտ են եկել տեղեկատվության հիշելու հետ կապված խնդիրներ եւ ուղեղի բորբոքային ռեակցիաներ: Յուղոտ մթերքների երկարատեւ օգտագործման դեպքում բացասական փոփոխությունները շարունակել են վատթարանալ:
Օհայոյի նահանգի համալսարանի հետազոտության ղեկավար Ռութ Բարիենտոսն ընդգծել է մի կարեւոր ասպեկտ. տարիքի հետ ուղեղը աստիճանաբար կորցնում է անբավարար սնուցման հետեւանքով առաջացած սթրեսային գործոններին արդյունավետ դիմակայելու ունակությունը, ինչն այն խոցելի է դարձնում տարբեր բացասական արտաքին ազդեցությունների հանդեպ:
Ֆինլանդացի գիտնականները նշել են, որ իրենց հայտնագործությունը կարող է բացատրել, թե ինչու մարդիկ, որոնք պարբերաբար բարձր վերամշակված սնունդ են օգտագործում, այդքան դժվարանում են փոխել իրենց ուտելու սովորությունները: Հետազոտողները նշել են, որ ստացված արդյունքները կարեւոր հետեւանքներ ունեն սննդակարգի, ճարպակալման եւ ուղեղի առողջության միջեւ բարդ կապը հասկանալու համար:
Սննդաբանները խորհուրդ են տալիս սահմանափակել ճարպային եւ գերմշակված մթերքների օգտագործումը՝ նախապատվությունը տալով նվազագույն վերամշակմամբ բնական մթերքներին։ Սա հատկապես վերաբերում է տարեց մարդկանց, որոնց ուղեղն ավելի խոցելի է վատ սնվելու հետեւանքների նկատմամբ:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում