Ծխելը, ալկոհոլի օգտագործումը և ֆիզիկապես ակտիվ չլինելը կարող են բացասական ազդեցություն ունենալ ձեր մտքի և մարմնի վրա արդեն 30 տարեկանից, ասվում է Annals of Medicine ամսագրում հրապարակված նոր ուսումնասիրության մեջ։
Գիտնականներն ուսումնասիրել են այս երեք հատուկ սովորությունների ազդեցությունը և պարզել, որ դրանք կարող են վնասել առողջությանը նշված տարիքում։
Հետազոտությունն անցկացնելու համար նրանք հետևել են 1959 թվականին Ֆինլանդիայում ծնված ավելի քան 300 երեխաների՝ հավաքելով տվյալներ նրանց ֆիզիկական և հոգեկան բարեկեցության վերաբերյալ մինչև 61 տարեկանը: Մասնակիցները, ովքեր ունեին բոլոր երեք սովորությունները՝ ծխելը, ալկոհոլի չարաշահումը և ֆիզիկական անգործությունը, ավելի բարձր ռիսկ ունեին դեպրեսիայի և առողջական խնդիրների առաջացման համար: Եվ, ըստ արդյունքների, հետևանքները ակնհայտ էին դարձել նրանց 30 տարեկան դառնալուց հետո։
Ֆիզիկական ակտիվության պակասը կապված էր վատ ֆիզիկական առողջության, ծխելը` վատ հոգեկան առողջության, իսկ ալկոհոլի չարաշահումը՝ թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեկան առողջության հետ։
Հետազոտության հեղինակները նշում են, որ արդյունքները ընդգծում են առողջությանը սպառնացող վտանգ ներկայացնող վարքագծերը վաղ փուլում լուծելու կարևորությունը՝ կանխելու համար դրանց պատճառած վնասի կուտակումը տարիների ընթացքում:
Սակայն, հետազոտողներն ընդգծում են, որ երբեք ուշ չէ առողջ սովորություններ ընդունելու համար, և նույնիսկ միջին տարիքում կատարված փոփոխությունները կարող են մեծ օգուտներ ունենալ։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում