Ստեղծվել է տղամարդկանց ոչ հորմոնալ պատվաստվող հակաբեղմնավորիչ, որը ծառայում է առնվազն երկու տարի

27 ապրիլի, 2025  11:39

Փորձարկումների ընթացքում ապացուցվել է, որ տղամարդկանց ոչ հորմոնալ պատվաստվող հակաբեղմնավորիչը գործում է առնվազն երկու տարի։ Adam անունով հայտնի հակաբեղմնավորիչը ջրում լուծվող հիդրոգել է, որը պատվաստվում է սերմնածորանում՝ կանխելով սպերմատոզոիդների միախառնումը սերմնահեղուկի հետ, հաղորդում է The Guardian-ը։

Արտադրանքի հեղինակ Contraline ընկերությունը պնդում է, որ այս մոտեցումը պահպանակների և վազէկտոմիաների շրջելի այլընտրանք է, քանի որ հիդրոգելը օրգանիզմում որոշ ժամանակ անց քայքայվելուց հետո վերականգնում է բեղմնավորումը:

Contraline ընկերությունը հրապարակել է իր 1-ին փուլի կլինիկական փորձարկման մանրամասները, որի ընթացքում պարզվել է, որ Adam-ը կարող է հաջողությամբ կասեցնել սպերմատոզոիդների արտադրությունը 24 ամսվա ընթացքում, ընդ որում՝ այդ ժամկետին հասած երկու մասնակիցների սերմնահեղուկում սպերմատոզոիդներ չեն հայտնաբերվել։ Բացի այդ ուսումնասիրության մեջ նշվել է, որ ոչ մի լուրջ կողմնակի ազդեցություն չի գրանցվել։

«Սա իսկապես հետաքրքիր է, քանի որ առաջին օրվանից մեր նպատակն էր ստեղծել տղամարդու   երկու տարի գործող հակաբեղմնավորիչ միջոց. սա է պահանջարկը՝ երկու տարվա, ժամանակավոր կամ շրջելի ազդեցությամբ հակաբեղմնավորիչ։ Եվ մենք ունենք առաջին տվյալները, որոնք հաստատում են, որ դա հնարավոր է», - ասել է Contraline-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Քևին Այզենֆրատսը։

Ըստ Այզենֆրատսի, կլինիկական փորձարկմանը տարբեր ժամանակահատվածներում ընդգրկվել է 25 մասնակից, և շուտով սպասվում են լրացուցիչ արդյունքներ։

Adam-ը տղամարդկանց առաջին ստեղծված հակաբեղմնավորիչը չէ, որը արգելափակում է սերմնածորանը, թեև, ըստ Այզենֆրատսի, որոշ այլ իմպլանտներում օգտագործվել են նյութեր, որոնք չեն քայքայվում օրգանիզմում:

Նա նշել է, որ քիչ տվյալներ կային, որոնք վկայում էին  դրանց հեռացումից հետո բեղմնավորումը վերականգնվելու մասին, մինչդեռ կային նաև մտահոգություններ, որ նման իմպլանտները կարող են սպիներ առաջացնել սերմնածորանի վրա և հանգեցնել վերջնական ​​​​ամորձատման:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում