Մայիսի 12-ը բուժքույրերի միջազգային օրն է, որը նշվում է ի պատիվ հայտնի բուժքույր, ժամանակակից բուժքույրական գործի հիմնադիր Ֆլորենս Նայթինգեյլի։
Սլավմեդ բժշկական կենտրոնի գլխավոր բուժքույր Լիանա Դանելյանի հետ զրուցել ենք մասնագիտության մարտահրավերների, կարևորության և առանձնահատկությունների մասին։
Բժշկական ոլորտում յուրաքանչյուր մասնագիտություն չափազանց պատասխանատու ընտրություն է. ինչպե՞ս եք դուք կայացրել մասնագիտության ընտրությունը։
Մանկուց երազել եմ բժիշկ դառնալ, սակայն ժամանակի ընթացքում հանգամանքներն այնպես դասավորվեցին, որ ընտրեցի բուժքրոջ ուղին։ Արդեն շուրջ 30 տարի է՝ ոլորտում եմ և ամեն օր համոզվում եմ, որ այս մասնագիտությունն ընտրելն ամենաճիշտ որոշումն էր։ Միշտ աշխատել եմ ամենաբարդ ու պատասխանատու դիրքերում։ Եվ այսօր հպարտ եմ, որ կրում եմ գլխավոր բուժքրոջ կոչումն ու Սլավմեդի նման բժշկական կենտրոնի պրոֆեսիոնալ թիմի մասն եմ։
Մեր մասնագիտության առանձնահատկությունը, նախևառաջ, նվիրվածության մեջ է, որը մենք ունենք և զգում ենք բոլոր բուժառուների նկատմամբ. մենք ոչ միայն մեր մասնագիտական պարտքն ենք կատարում մարդկանց բուժելով, այլև աջակցում ենք, լսում, շատ դեպքերում առաջինը կանգնում նրանց կողքին։ Առանձնակի հպարտություն է այն գիտակցումը, որ մեր աշխատանքն իրական փոփոխություն է բերում մարդկանց կյանքում։ Ապրումակցումը, հոգատար և ուշադիր լինելը կարևոր հատկանիշներ են մեր աշխատանքում, սակայն առավել քան կարևոր է բուժառուի կարիքները, խնդիրներն ու զգացմունքներն առաջնային դասելը։
Բուժքույրերի աշխատանքն առողջապահական համակարգի կարևորագույն մասն է, նրանք ապահովում են բուժման անընդհատությունը, հիվանդի խնամքը և բուժման գործընթացի համակարգվածությունը։ Կարևոր է շեշտել, որ բուժքույրերի դերը շատ ավելի լայն է, քան սովորական խնամքը. մենք հիվանդի, ընտանիքի և բժիշկների միջև կապի կարևոր օղակն ենք։
Ոլորտը զարգանում է անընդհատ և բուժքույրերի աշխատանքում ևս փոփոխություններ են տեղի ունենում։ Ի՞նչ նորարարություններ են այսօր կիրառվում բուժքույրերի աշխատանքում։
Մենք մշտապես ձեռքը պահում ենք փոփոխությունների և նորարարությունների զարկերակին, քանի որ դրանք անխուսափելի են ժամանակակից աշխարհում։ Սլավմեդում մեր բուժքույրերն ակտիվորեն կիրառում են հիվանդների թվայնացված տվյալների կառավարման համակարգերը, ժամանակակից մոնիթորինգի սարքավորումներ և վերապատրաստման նոր մոդելներ՝ հիմնված միջազգային լավագույն փորձի վրա։
Վերապատրաստումներն ու անընդհատ սովորելը, նոր գիտելիքներ ձեռք բերելն ինձ համար անձնապես շատ կարևոր է։ Այս պահին էլ սովորում եմ Հայաստանի Ամերիկյան համալսարանի (AUA), BSN ծրագրում, որը միանգամայն նոր մոտեցում է Հայաստանում բուժքույրերի կրթության ոլորտում։ Այս ծրագիրը տալիս է նոր գիտելիքներ, առաջնորդության հմտություններ և հնարավորություն՝ դառնալու ավելի ինքնուրույն և որոշումներ կայացնող մասնագետներ։ Հուսով եմ, որ ապագայում բժիշկները կսկսեն ավելի շատ վստահել բուժքույրերին, և որ մեր մասնագիտությունը Հայաստանում կդառնա ավելի անկախ ու արժևորված։
Ինձ համար ուրախալի և ոգևորիչ փաստ է, որ նոր սերնդի բուժքույրերն ավելի կրթված են, տեխնոլոգիապես գրագետ և պատրաստ են բարձր մակարդակով ծառայելու մեր հասարակությանը։
Սլավմեդն առաջինն է Հայաստանում և Կովկասում, որ ստացել է բժշկության ոլորտում ISO 7101:2023 ստանդարտացումը։ Ի՞նչ դեր ունեն բուժքույրերն ստանդարտացման այս գործընթացում։
Սա, իսկապես, թիմային հաղթանակ է, և ես հպարտ եմ մեր ամբողջ թիմով։ Նման ստանդարտացում ստանալը երկարատև ու բարդ գործընթաց է, որում կարևոր է յուրաքանչյուր բաժնի, օղակի և մասնագետի ներգրավվածությունը։ Ուստի, բուժքույրերը ևս առանցքային դեր ունեն՝ սկսած հիվանդի անվտանգության խիստ պահանջների պահպանումից, խնամքից, ճիշտ փաստաթղթային աշխատանքից։ Մեր բուժքույրերի թիմը մշտապես մասնակցում է առողջապահական ծառայությունների որակի բարձրացման ծրագրերին, աշխատում ենք ժամանակակից սարքավորումներով՝ անվտանգ և տեխնոլոգիապես հագեցած միջավայրում, մշտապես վերապատրաստվում և կատարելագործում հմտությունները։
Ո՞րն է ամենամեծ մարտահրավերը, որի հետ բախվում են ժամանակակից բուժքույրերը։
Այսօր բուժքույրերի առջև կանգնած ամենամեծ մարտահրավերներից մեկը հենց մասնագիտական զարգացումն է։ Մեր դերը բուժման գործընթացում օրեցօր աճում է, և դրա համար անհրաժեշտ են ավելի խորացված գիտելիքներ, նոր հմտություններ։
Որպեսզի բժիշկները կարողանան լիարժեք վստահել բուժքույրերին անկախ որոշումներ կայացնելու և հիվանդի խնամքը ինքնուրույն կազմակերպելու հարցերում, բուժքույրերը պետք է շարունակաբար կրթվեն ու զարգանան։
Այդ ճանապարհը պահանջում է ոչ միայն տեխնիկական կարողություններ, այլ նաև գիտական մտածողություն, պատասխանատվության բարձր մակարդակ և համագործակցության ունակություն։ Որքան բարձր լինի բուժքրոջ կրթության մակարդակը, այնքան ավելի ամուր կլինի բժիշկ-բուժքույր համագործակցությունը, և արդյունքում կբարելավվի հիվանդի խնամքի որակը։
Սակայն, անկախ ամեն տեսակ հանգամանքներից, մեր բուժքույրերի նվիրվածությունն ու պրոֆեսիոնալիզմը օգնում են հաղթահարել բոլոր դժվարությունները։
Որպես երկարամյա փորձառությամբ մասնագետ՝ ի՞նչ կմաղթեք և խորհուրդ կտաք բուժքույրերին։
Նախ ցանկանում եմ շնորհավորել բոլոր բուժքույրերին մասնագիտական տոնի առիթով. թող միշտ լինեն առողջ և գնահատված։ Խորհուրդ եմ տալիս անընդհատ կրթվել, շարունակել զարգանալ, լինել բաց նոր գիտելիքների և հնարավորությունների նկատմամբ, միշտ շարժվել առաջ։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում