Նարգիլե ծխելը, տապակած մսի և տաք ըմպելիքների չարաշահումը կարող են մեծացնել քաղցկեղի զարգացման ռիսկը, Daily Mail-ին պատմել է Սիլվեստերի անվան համալիր քաղցկեղի կենտրոնի (ԱՄՆ) արյունաբանության բաժանմունքի ղեկավար, դոկտոր Մայքլ Սեկերասը։
Ըստ նրա՝ քաղցկեղի ամենավտանգավոր գործոններից մեկը մնում է ծխելը, ներառյալ՝ նարգիլեն, որը թյուրիմացաբար համարվում է պակաս վնասակար, քան ծխախոտը։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ նարգիլեի ծուխը խեժ, ածխածնի մոնօքսիդ, ծանր մետաղներ և քաղցկեղածին նյութեր է պարունակում, ընդ որում՝ երկարատև ծխելը ավելի մեծ դոզա տոքսիններ է պարունակում, քան մեկ սիգարետ ծխելը։
Դոկտոր Սեկերասը խորհուրդ է տվել նաև հաճախակի խորոված կամ բարձր ջերմաստիճանում եփած միս չուտել։ Նա բացատրել է, որ տավարի, թռչնամիսի, ձկան և խոզի մսի տապակումը հետերոցիկլիկ ամիններ և պոլիցիկլիկ արոմատիկ ածխաջրածիններ՝ միացություններ է առաջացնում, որոնք կարող են մուտացիաներ հարուցել և նպաստել քաղցկեղի զարգացմանը։ Այդ նյութերը բորբոքում և օքսիդատիվ սթրես են առաջացնում՝ խախտելով հակաօքսիդանտների և ազատ ռադիկալների միջև հավասարակշռությունը։
Շատ տաք ըմպելիքը ևս առողջության համար վտանգավոր է։ Օրինակ՝ Չինաստանում անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ 60°C-ից բարձր ջերմաստիճանում թեյ են խմող և միաժամանակ ոգելից խմիչք օգտագործող մարդիկ կերակրափողի քաղցկեղի զարգացման հնգապատիկ ավելի մեծ ռիսկի են ենթակա։ Մեծ Բրիտանիայում էլ անցկացված մի հետազոտությամբ նմանատիպ արդյունքներ է հաստատվել. օրական չորս կամ ավելի բաժակ տաք թեյ կամ սուրճ խմելը կապված է կոկորդի քաղցկեղի առաջացման ռիսկի բարձրացման հետ։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում