Դիետաները և վիտամինները չեն նպաստում քաղցկեղի ռիսկի նվազեցմանը. ACER

16 մայիսի, 2025  22:30

Վիտամինների ընդունումը և որոշակի դիետաներին հետևելը չի ​​նպաստում քաղցկեղի զարգացման ռիսկի նվազեցմանը կամ հիվանդության բուժման արդյունավետության բարձրացմանը։ Այս եզրակացությանն են հանգել իտալացի գիտնականները։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Aging Clinical and Experimental Research (ACER) ամսագրում։

Գիտնականները PubMed և ClinicalTrials գիտական ​​պորտալներում հրապարակված տասնյակ կլինիկական և նախակլինիկական հետազոտությունների մետա-վերլուծություն են անցկացրել։ Այն հաստատել է, որ սննդային հավելումների անխոհեմ օգտագործումը կարող է վտանգավոր լինել։ Հիպերվիտամինոզը, խախտելով միկրոէլեմենտների հավասարակշռությունը, կարող է ոչ միայն վատթարացնել ընդհանուր վիճակը, այլև խթանել ուռուցքների աճը։ Սակայն, քաղցկեղի բուժման մեջ մուլտիվիտամինների օգտակարության վերաբերյալ որևէ հետևողական ապացույց չի հայտնաբերվել։

Հետազոտողները նաև թերահավատ էին այնպիսի հայտնի դիետաների արդյունավետության հարցում, ինչպիսիք են կետո (բարձր ճարպային, ցածր ածխաջրային դիետաները), ընդհատվող ծոմապահությունը և վեգանությունը։ Կենդանիների մոդելների վրա ստացված խրախուսական տվյալներին չնայած, այս մոտեցումները կլինիկական պրակտիկայում համոզիչ արդյունքներ չեն ցույց տվել։

Մասնագետները միջերկրածովյան դիետան համարում են ամենաապահով և հավասարակշռված սննդային ռազմավարությունը։ Հեղինակների կարծիքով, հենց սա է օրգանիզմին ապահովում անհրաժեշտ հակաօքսիդանտներով, վիտամիններով և առողջ ճարպերով։ Գիտնականները նաև ընդգծում են առողջության նկատմամբ համալիր մոտեցման կարևորությունը՝ ներառյալ ֆիզիկական ակտիվությունը և վատ սովորություններից հրաժարվելը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում