Մանուկ հասակում քաղցկեղը հաղթահարածները երիկամների քրոնիկական հիվանդություն (ԵՔՀ) եւ հիպերտոնիա ունենալու ավելի բարձր ռիսկի են ենթարկվում, քան նրանց հասակակիցները, հաճախ՝ հակաքաղցկեղային թերապիան ավարտելուց հետո առաջին տարվա ընթացքում, վկայում են կոհորտային ուսումնասիրության տվյալները։
Չնայած մանկական քաղցկեղի բուժման եւ գոյատեւման ցուցանիշները բարելավվել են, այնուամենայնիվ, ողջ մնացածների մեծ մասը 50 տարեկանում քրոնիկական հիվանդություններ է ունենում: JAMA Network Open-ում հրապարակված նոր արդյունքները ընդգծել են միջազգային սքրինինգային ուղեցույցների ստեղծման անհապաղ անհրաժեշտությունը:
Հետահայաց ուսումնասիրության ընթացքում 27 տարի շարունակ հետեւել են մանկական քաղցկեղը հաղթահարած 10 182 երեխաների եւ համեմատել են երկու համապատասխան խմբերի՝ 40 728 հոսպիտալացված երեխաների եւ ընդհանուր մանկական բնակչության (GP) 35 307 երեխաների հետ, հաղորդել է Planet Today-ը։ Ժամանակի ընթացքում մանկական քաղցկեղը հաղթահարածների մոտ զգալիորեն ավելի մեծ էր ԵՔՀ կամ հիպերտոնիա ուննալու հավանականությունը, այն կազմել է 20.85 տոկոս կումուլյատիվ հաճախականություն՝ հոսպիտալացված խմբում գրանցված 16.47 տոկոսիի եւ GP խմբում գրանցված 8.05 տոկոսի համեմատ։
Ճշգրտված ռիսկերի HR հարաբերակցությունը (aHR) ցույց է տվել, որ մանկական քաղցկեղը հաղթահարածների մոտ երկու անգամ ավելի հավանական է եղել երիկամների հետ կապված բարդությունների առաջացումը, քան իրենց հոսպիտալացված հասակակիցների մոտ (aHR, 2.00; 95 տոկոս CI, 1.86–2.14) եւ գրեթե 5 անգամ ավելի հավանական, քան ընդհանուր բնակչության երեխաների մոտ (aHR, 4.71; 95 տոկոս CI, 4.27–5.19):
«Արդյունքները հաստատում են այն վարկածը, որ մանուկ հասակում քաղցկեղը հաղթահարածները պետք է վերահսկեն իրենց արյան ճնշումը եւ երիկամների գործառույթը քաղցկեղի բուժումն ավարտելուց անմիջապես հետո եւ շարունակեն դա անել չափահաս տարիքում»,- գրել են հետազոտողները։
Երիկամների եւ արյան ճնշման հետ կապված խնդիրներն ի հայտ են գալիս արդեն բուժումից հետո առաջին տարում եւ ժամանակի ընթացքում շարունակում են սրվել։ Թեեւ մանկական քաղցկեղը վերապրածների շրջանում ԵՔՀ ընդհանուր հաճախականությունը կազմել է մոտավորապես 8 տոկոս, հեղինակները ենթադրում են, որ իրական մակարդակը կարող է ավելի բարձր լինել վարչական տվյալների սահմանափակումների պատճառով, որոնք շատ բարձր սպեցիֆիկ են, բայց ոչ զգայուն նման վիճակները հայտնաբերելու համար։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում