Սթենֆորդի համալսարանի ամերիկացի գիտնականները մշակել են «միլի-սփիներ» անունով սարքը, որը կարող է արմատապես բարելավել կաթվածների եւ արյան մակարդուկների հետ կապված հիվանդությունների բուժումը: Հետազոտությունը հրապարակվել է Nature ամսագրում:
Սարքը լուծում է ժամանակակից թրոմբէկտոմիայի՝ առաջին փորձից մակարդուկների հեռացման ցածր արդյունավետության առանցքային խնդիրը։ Մինչ ավանդական մեթոդները հաջող են միայն 50 տոկոս դեպքերում, միլի-սփիները ապահովում է արյան մակարդուկների հեռացումը 90 տոկոսում, այդ թվում՝ ամենաբարդ գոյացությունների դեպքում։
Սարքը գործում է սեղմման եւ կտրման համադրությամբ։ Կատետրի միջոցով մատակարարվող միլի-սփիները պտտվում է մեծ արագությամբ՝ ստեղծելով տեղայնացված ներծծում։ Սա թույլ է տալիս, որպեսզի թրոմբի ֆիբրինային թելերը սեղմվեն մինչեւ իրենց սկզբնական ծավալի 5 տոկոսը՝ առանց մասնատման պատճառ դառնալու։
«Ներկայիս տեխնոլոգիաները պարզապես քայքայում են թրոմբը, ինչը կարող է հանգեցնել նոր խցանումների։ Մեր մոտեցումը տարբեր է. մենք սեղմում ենք թրոմբը՝ պահպանելով դրա ամբողջականությունը»,- ասել է մեխանիկական ինժեներիայի դոցենտ եւ ուսումնասիրության գլխավոր հեղինակ Ռենե Չժաոն։
Սարքը բացառիկ արդյունքներ է ցույց տվել կենդանիների վրա փորձարկումներում, հատկապես խիտ, ֆիբրինով հարուստ մակարդուկների հետ աշխատելիս, որոնք գործնականում անհնար է բուժել ներկա մեթոդներով: Հետազոտողները նշել են, որ տեխնոլոգիան կարող է օգտագործվել ոչ միայն իշեմիկ ինսուլտների, այլեւ սրտի կաթվածի, թոքային թրոմբոէմբոլիայի եւ այլ վիճակների դեպքում:
Բացի թրոմբոզների բուժումից՝ հետազոտողներն ուսումնասիրում են միլի-սփիների այլ հնարավոր կիրառությունները, ներառյալ երիկամի քարերի մասերի հեռացումը։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում