Քերականորեն ճիշտ նախադասությունների կառուցման եւ ընկալման խանգարումները կարող են վկայել շիզոֆրենիայի զարգացման մասին: Այս եզրակացությանն են հանգել Սֆաքսի համալսարանի (Թունիս) գիտնականները: Աշխատանքը հրապարակվել է Communications Medicine (ComMed) ամսագրում:
Շիզոֆրենիան ծանր հոգեկան խանգարում է, որն ազդում է մտածողության, ընկալման եւ վարքի վրա։ Հիմնական ախտանիշներից մեկը հաղորդակցման դժվարություններն են, որոնք հաճախ ուղեկցվում են շարահյուսական խանգարումներով՝ բառերի կարգի սխալ ընտրություն, բարդ արտահայտություններ կառուցելու եւ խոսքի քերականական կառուցվածքն ընկալելու դժվարություններ։
Վերլուծությունն ընդգրկել է շիզոֆրենիա ունեցող 1 679 պացիենտների եւ վերահսկիչ խմբի 1 281 մարդու տվյալներ: Մասնակիցների միջին տարիքը 32 էր, նրանց մոտ 30 տոկոսը կանայք են եղել: Հետազոտողներն ուսումնասիրել են Web of Science, PubMed, Scopus եւ PsycINFO տվյալների բազաներից ստացված տվյալները, ներառյալ մինչեւ 2024թ. մայիս կատարված հրապարակումները: Գիտական գրախոսության մեջ ներառվել է ընդհանուր առմամբ 45 հետազոտություն:
Արդյունքները ցույց են տվել, որ շիզոֆրենիայով տառապող մարդկանց մոտ շարահյուսական ըմբռնման մակարդակը զգալիորեն նվազել է. նրանք ավելի հաճախ են օգտագործել կարճ եւ պարզ նախադասություններ, դժվարացել են նկատել քերականական սխալները, նրանց խոսքն այնքան էլ համահունչ չի եղել: Նրանց մոտ նկատվել է նաեւ արտահայտչական բարդության եւ խոսքի ընդհանուր տեւողության նվազում:
Հեղինակներն ընդգծել են, որ այս խանգարումները համընդհանուր չեն. քերականական ձախողումների աստիճանն ու բնույթը տարբերվում են պացիենտների նոտ։ Սա հնարավորություն է տալիս լեզվի վերլուծությունը որպես վաղ ախտորոշման եւ անհատականացված թերապիայի գործիք օգտագործել։
Գիտնականները հեռանկարային են համարել շիզոֆրենիայի դեպքում լեզվի եւ կոգնիտիվ խանգարումների միջեւ կապի հետագա ուսումնասիրությունը: Այդ տվյալները կարող են հիմք հանդիսանալ բուժման, պացիենտների ադապտացման եւ առօրյա շփումներում աջակցության նոր մոտեցումների համար:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day