Մոտ վեց ամսականից սկսած՝ նորածինների սննդակարգում ձվի և գետնանուշի կարագի ավելացումը կարող է զգալիորեն նվազեցնել սննդային ծանր ալերգիաների զարգացման ռիսկը: Այս եզրակացությանն են հանգել «Երեխաների հետազոտությունների ինստիտուտի» ավստրալիացի հետազոտողները: Նրանց լայնածավալ ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են «Journal of Allergy and Clinical Immunology: In Practice» ամսագրում:
Նախկինում համարվել է, որ պոտենցիալ ալերգենիկ սնունդը չպետք է մտցվի սննդակարգ մինչև մեկ տարեկանը, հատկապես, եթե ընտանիքում կա ալերգիայի հանդեպ հակում: Սակայն նոր ուսումնասիրությունը հերքել է այս տեսությունը՝ որքան շուտ երեխան փորձի նման սնունդ, այնքան ցածր է հավանականությունը, որ իմունային համակարգը այն կընկալի որպես սպառնալիք:
Հետազոտությանը մասնակցել են ալերգիայի բարձր ռիսկ ունեցող ընտանիքների երեխաներ։ Նրանք բաժանվել են երկու խմբի՝ առաջին խմբում ձուն և գետնանուշը սննդակարգում են ներառվել 10 ամսականից հետո, իսկ մյուսում՝ մոտ 6 ամսականից հետո։ Արդյունքները ցույց են տվել, որ ձվի նկատմամբ ալերգիայի հաճախականությունը նվազել է 12%-ից մինչև 3%, իսկ գետնանուշի նկատմամբ՝ 6%-ից մինչև 1%։
Ուսումնասիրության հեղինակները շեշտել են ծնողներին նոր առաջարկությունների մասին տեղեկացնելու կարևորությունը։ Որքան լայնորեն տարածվեն դրանք, այնքան ավելի շատ ընտանիքներ կկարողանան կանխել իրենց երեխաների մոտ սննդային ալերգիայի զարգացումը։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում